Գործարքը կայացած է. Ժորժինիոն տեղափոխվում է Արսենալ
«Չելսիի» կիսապաշտպան Ժորժինիոն կարիերան կշարունակի «Արսենալի» կազմում։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «զինագործներն» «ազնվականներին» վճարելու են 12 մլն ֆունտ ստերլինգ։
Բրազիլական արմատներով իտալացի ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որն ունենալու է այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։
31-ամյա ֆուտբոլիստն «Արսենալի» համար բուժզննում կանցնի այսօր` հունվարի 31-ին, ինչից հետո կողմերը պաշտոնապես կհայտարարեն գործարքի մասին։
Հաղորդվում է, որ «զինագործները» նպատակ են ունեցել Ժորժինիոյի դիրքում գնել «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյզես Կայսեդոյին, սակայն հրաժարվել են էկվադորցի ֆուտբոլիստի ծառայություններից` կապված «ճայերի» ֆինանսական պահանջներից և դիրքորոշումից։
Նշվում է նաև, որ Ժորժինիոյի` «Արսենալ» տեղափոխության հարցում մեծ դերակատարություն է ունեցել Միկել Արտետան, ով իտալացի ֆուտբոլիստի տաղանդի մեծ երկրպագուն է։
Հավելենք, որ Ժորժինիոն «Չելսիի» կազմում հանդես էր գալիս 2018 թ. հուլիսից` անցկացրած 213 խաղում դառնալով 29 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Ժորժինիո, Չելսի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո