Գոլառատ ֆուտբոլ Բեռլինում. Ռեալը թրիլլերային հաղթանակ տոնեց Ունիոնի նկատմամբ 🎥

Գոլառատ ֆուտբոլ Բեռլինում. Ռեալը թրիլլերային հաղթանակ տոնեց Ունիոնի նկատմամբ 🎥

13/12/2023 - 11:36

Չեմպիոնների լիգայի վերջին` 6-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» C խմբի շրջանակում Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ունիոնի» դեմ։

«Արքայական» ակումբն առաջին կեսում խաղային առավելություն ուներ, սակայն նախքան ընդմիջում այդպես էլ չկարողացավ աչքի ընկնել։

45-րդ րոպեին հաշիվը բացելու լավ հնարավորություն ուներ Լուկա Մոդրիչը, սակայն վերջինս չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցից. տանտերերին փրկեց դարպասապահ Ֆրեդերիկ Ռյոնովը։

Այդ դրվագում հյուրերը վաստակեցին անկյունային հարված, որի խաղարկումից հետո բեռլինյան ակումբը նետվեց հակագրոհի և իր ունեցած սակավաթիվ գոլահին պահերից մեկը վերածեց դարպասի գրավման. 45+1-րդ րոպեին աչքի ընկավ Կևին Ֆոլանդը։

Կողմերն ընդմիջման գնացին «Ունիոնի» նվազագույն առավելության պայմաններում։

Երկրորդ խաղակեսի միջնամասում Կառլո Անչելոտիի թիմը մեծացրեց ճնշումն ու Խոսելուի դուբլի շնորհիվ ոչ միայն կրճատեց, այլև առաջ անցավ հաշվի մեջ։

33-ամյա հարձակվողն աչքի ընկավ նախ 61-րդ, ապա` 72-րդ րոպեին։

85-րդ րոպեին Նենադ Բելիցայի թիմը կրկին շոկի ենթարկեց «սերուցքայիններին» և Ալեքս Կրալի հեռահար հարվածով խփած գոլի շնորհիվ լուսատախտակին վառեց 2:2 հաշիվը։

Թվում էր` հանդիպումը կավարտվի ոչ-ոքի, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները, ովքեր 89-րդ րոպեին, ի վերջք, հաղթանակ կորզեցին. հերոսացավ Դանի Սեբալիոսը։

Այսպիսով, «Ռեալը» 3:2 հաշվով թրիլլերային հաղթանակ տոնեց։

C խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Նապոլի» 2:0 «Բրագա»

Խումբը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.

  1. «Ռեալ Մադրիդ» – 18 միավոր
  2. «Նապոլի» – 10
  3. «Բրագա» – 4
  4. «Ունիոն Բեռլին» – 2

Այսպիսով, այս խմբից «Ռեալն» ու «Նապոլին» նվաճեցին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր, «Բրագան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում, իսկ «Ունիոնը» դուրս մնաց եվրագավաթային հետագա պայքարից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023