Գյունդողան. «Հպարտ եմ, որ Գերմանիայի առաջին գաղթական ավագն եմ»
Գերմանիայի հավաքականի ավագ Իլկայ Գյունդողանը Եվրո-2024-ի մեկնարկից առաջ ուղերձով դիմել է երկրպագուներին.
«Սիրելի երկրպագուներ, առաջիկա հանդիպումն ինձ համար ավելին է, քան երազանքի իրականացում։ Տնային մրցաշարում ավագի կարգավիճակում թիմին առաջնորդել խաղադաշտ… Միայն այդ մտքից փշաքաղվում եմ։
Ինչպես վերջին տարիներին մեր հավաքականի ճանապարհը եղել է փշոտ ու անհաջողություններով լի, այնպես էլ ես կարող եմ հետադարձ հայացք գցել ազգային հավաքականում անցած դժվարին կարիերային: Հպարտ եմ, որ Գերմանիայի հավաքականի առաջին գաղթական ավագն եմ։
Ես աձաջնորդելու եմ մի հատուկ թիմ, որն ունի շատ տարբեր մշակույթների տարրեր: Բազմազանությունը և տարբեր մշակույթների ազդեցություններն այն գործոններն են, որոնք մեզ` Գերմանիայի հավաքականին, ավելի ուժեղ կդարձնեն 2024 թ. Եվրոպայի առաջնությունում։
Ֆուտբոլը մարդկանց միավորելու ուժ ունի։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ աշխարհն ավելի ու ավելի է ընդլայնվում։ Մարդիկ այլևս չեն լսում միմյանց։
Մեր հասարակության մեջ պառակտում կա։ Մենք, որպես թիմ, հաջորդ չորս շաբաթվա ընթացքում ցանկանում ենք կրկին մերձեցնել մեր հասարկությանը, օգնել նորից ավելի համախմբված դառնալ, որպեսզի մարդիկ կարողանան հպարտանալ հավաքականով և լինել բաց, հարգալից և ընկերասեր մեր գեղեցիկ երկիր այցելած միլիոնավոր մարդկանց հանդեպ։
Մենք ցանկանում ենք դառնալ Եվրոպայի չեմպիոն։ Բայց, նույնիսկ, եթե, չնվաճենք տիտղոսը, մրցաշարը, միևնույն է, տոն է դառնալու։ Ինչպես 2006 թվականին (Խմբ.` Աշխարհի 2006 թ. առաջնությունն անցկացվել է Գերմանիայում), երբ ես, լինելով15-ամյա դեռահաս, կարողացա մասնակցել երկրպագուների տոնախմբությանը։ Դա կարծես հեքիաթ լիներ` չնայած գրավեցինք ընդամենը երրորդ տեղը։
Պետք է ասեմ, որ որոշ թիմեր մի փոքր ավելի կայուն են և ավելի պատրաստված, քան մենք։ Բայց մեր երկրպագուների ֆանտաստիկ աջակցությամբ մենք կարող ենք հաղթել տնային Եվրոպայի առաջնությունը բազմաթիվ ոլորտներում։ Հաղթել` որպես լավ տանտերեր, որպես բազմազգ հասարակություն և, հուսանք` նաև ֆուտբոլի դաշտում: Խնդրում ենք օգնել մեզ միասին հասնել մեր երազանքին»,- Գյունդողանի խոսքը մեջբերում է Bayern & Germany-ն։
Նշենք, որ Իլկայ Գյունդողանը ծնվել է Գերմանիայի Գելզենկիրխեն քաղաքում, սակայն ազգությամբ թուրք է։ Նրա ծնողները Գերմանիա են ներգաղթել Թուրքիայի Դուրսենբեյ քաղաքից։
Հիշեցնենք, որ այսօր` հունիսի 14-ին, մեկնարկում է Եվրո-2024-ը։ Մրցաշարի բացման խաղում Գերմանիայի հավաքականը Մյունեխնի «Ալիանց Արենա» մարզադաշտում կմրցի Շոտլանդիայի թիմի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գերմանիա-2024, Գերմանիայի հավաքական, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Իլկայ Գյունդողան