Գիլոյան. «ԸՄՖ-ն պատասխանել է, թե Ալեքսանյանի գոտեմարտը ճիշտ են դատել»

Գիլոյան. «ԸՄՖ-ն պատասխանել է, թե Ալեքսանյանի գոտեմարտը ճիշտ են դատել»

13/08/2024 - 15:23

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Կարեն Գիլոյանն ամփոփել է 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հայ մարզիկների մրցելույթները.

«Օլիմպիական խաղերը մարզական ամենադժվար իրադարձությունն են, որը կազմակերպիչների համար դառնում է լուրջ փորձություն. հեշտ չէ ընդունել շուրջ 11 հազար մարզիկի, մեծ թվով պատվիրակությունների, բազմամիլիոնանոց երկրպագուների: Կարծիքներն ու նախասիրությունները կարող են տարբեր լինել, բայց սա Օլիմպիական խաղեր են, այստեղ պետք է խաղաղություն տիրի, քանի որ ի սկզբանե Օլիմպիական խաղերը ստեղծվել են պատերազմները դադարեցնելու գաղափարի շուրջ: Կազմակերպչական առումով Փարիզի խաղերը, իմ կարծիքով, լավագույններից էին: Փարիզը կարողացավ սիրով ընդունել օլիմպիականներին, և վստահ եմ՝ շատերի համար այս խաղերը կմնան որպես լավագույն հիշողություն։

ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունն ու մշակած ռազմավարությունը չեն կարող արագ արդյունք տալ: Սպորտում այսօրվա ներդրումը վաղը մեդալի չի վերածվում. դրա համար ժամանակ է պահանջվում: ՀՀ կառավարության կողմից սպորտի ոլորտում վարվող քաղաքականության արդյունքն այս պահին ավելի տեսանելի է պատանեկան և երիտասարդական առաջնություններում՝ դատելով մեդալներից: Վստահ եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք և Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերում կունենանք հստակ առաջընթաց: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում կունենանք մասնագիտական վերլուծություններ, քննարկումներ, իսկ հետո կաշխատենք ֆեդերացիաների հետ՝ նախապատրաստվելով հաջորդ խաղերին։

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան գրավոր պատասխանել է՝ նշելով, թե մրցավարները ճիշտ են դատել Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտը։

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, կցելով ֆեդերացիայի բողոքարկումը և Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պատասխանը, դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողովին: Առաջին արձագանքը հետևյալն էր՝ «Ի լրումն ուղարկեք, թե որ դրվագում կոնկրետ ինչն է բողոքարկվում»: Առաջիկա մեկ-երկու օրերին հավելյալ փաստեր կուղարկվեն բողոքարկման հանձնաժողով: Մենք ունենք տեսագրություններ, որտեղ նույն դրվագի համար՝ այլ գոտեմարտում, գորգից դուրս եկողին զգուշացրել են, իսկ հակառակորդին տվել են միավոր: Այսինքն՝ ունենք փաստ, որ Արթուր Ալեքսանյանի դեպքում եղել է ճիշտ հակառակ վերաբերմունք: Առավել քան վստահ ենք՝ Արթուր Ալեքսանյանն այդ գոտեմարտում չէր պարտվի, հատկապես որ դրանից հետո որևէ միավոր չի եղել, որևէ գործողություն չի եղել: Պայքարելու ենք մինչև վերջ, հույսեր ունեմ, որ ազնիվ կգտնվեն և արդարությունը կվերականգնվի»,- ասել է Կարեն Գիլոյանը, որի խոսքը մեջբերում է ԿԳՄՍ-ի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Փարիզի Օլիմպիական խաղերում դարձել է արծաթե մեդալակիր։ Նա եզրափակիչում պարտվել է իրանցի Մոհամադհադի Սարավիին։ Վճռորոշ գոտեմարտում վիճահարույց դրվագ է եղել։ Իրանցի ըմբիշը երբ վաստակել է 2 միավոր, երկու ոտքով դուրս է եկել գոտեմարտի նախատեսված սահամններից։ Արթուր Ալեքսանյանն ու նրա մարտավկան չելենջ են պահանջել, սակայն սխալ բողոքարկման համար մրցակցին տրվել է ևս 1 միավոր։ Ըմբշամարտում եթե կողմերից մեկը դուրս է գալիս գորգի սահմաններից, մրցակիցն ստանում է 1 միավոր։ Այդ գոտեմարտում Ալեքսանյանը պարտվել է 1:4 հաշվով և դարձել օլիմպիական կրկնակի փոխչեմպիոն։

Հայաստանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում, նվաճած 3 արծաթե ու 1 բրոնզե մեդալով, ընդհանուր հաշվարկում Կոլումբիայի հետ կիսել է 66-67-րդ տեղերը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023