Գերմանական մեքենան. ինչո՞ւ պարտվեցինք բունդեսմանշաֆթին

Գերմանական մեքենան. ինչո՞ւ պարտվեցինք բունդեսմանշաֆթին

07/09/2021 - 16:03

Աշխարհի առաջնության որակավորման փուլի հինգերորդ խաղը Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց Շտուտգարտի «Մերսեդես-Բենց Արենա» մարզադաշտում` մրցելով Գերմանիայի ընտրանու դեմ։ Մինչ այս հանդիպումը J խումբը գլխավորում էր Հայաստանի ազգային թիմը, սակայն պարզ էր, որ այս հանդիպումը գերմանացիների համար ոչ միայն երեք միավորանոց խաղ է լինելու, այլև սասանված հեղինակությունը վերականգնելու լավ միջոց։
Այս ամենին ավելացնենք նաև նոր մարզչի առկայությունը՝ ի դեմս Հանս-Դիտեր Ֆլիկի, և մենք կուենանք սխալվելու իրավունքից զրկված Գերմանիայի հավաքական։

Որպեսզի ընդհանուր հասկանանք «բունդեսթիմի» մոտիվացիայի աղբյուրը, պետք է վերհիշել Յոաքիմ Լյովի գլխավորությամբ վերջին շրջանը, որի ընթացքում եղան ամոթալի արդյունքներ, որոնցից ամենահիշարժաններից մեկը սեփական հարկի տակ Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունն է (1:2):
Այսքանից հետո «գերմանական մեքենան» շտապում էր հաղթանակներով վերականգնել իր դիրքերը ոչ միայն մրցաշարային աղյուսակում, այլև սեփական երկրպագուների աչքերում, իսկ խմբի առաջատարի դեմ հանդիպումից լավ առիթ դժվար էր գտնել։

Այժմ մի փոքր խոսենք բուն խաղից ու փորձենք վերկուծել այն։

Գերմանիա – Հայաստան․ բուն հանդիպման մասին
Մեր թիմը խաղադաշտ էր դուրս եկել 4-4-2 տակտիկական դասավորությամբ։ Որոշ լրատվականներ այն պատկերել էին 4-2-3-1-ի տեսքով, բայց հենց խաղի մեկնարկից երևաց, որ Խոակին Կապառոսը ընտրել է դասական 4-4-2-ը, որը պաշտպանվելիս վերածվում էր ցածր բլոկով 5-3-2-ի։

Գերմանիայի հավաքականը ընտրել էր 4-2-3-1 դասավորությունը, ինչը քիչ-քիչ սկսկում է նմանվել «Բավարիային», որի ղեկին Ֆլիկը հաղթեց ամեն ինչ։ Այս Գերմանիայի դեմ դժվար է խաղալ ոչ ցածր բլոկային պաշտպանությամբ, մեր պարագայում՝ անհնար։ Խնդիրը ֆուտբոլիստների որակն է ու կայացած համակարգերը, իսկ ցածր բլոկային պաշտպանության դեպքում ամենակարևոր հանգամանքը կոմպակտությունն է, ինչը, ցավոք, մեր հավաքականը չէր պահում հանդիպման ընթացքում։

Գերմանացի ֆուտբոլիստներին չափազանաց մեծ ազատություն էր տրված։


Հյուսիսային Մամեդոնիայի դեմ խաղում (0:0) մեր տղաները հակագրոհելիս գնդակը փորձում էին միշտ հասցեագրել Հենրիխ Մխիթարյանին, իսկ այստեղ Գերմանիայի հավաքականը ուղղակի ստիպում էր մեր թիմին հակագրոհել եզրերով, որտեղ հարձակումը մարում էր։
Շատ կարևոր է հասկանալ մի կարևոր հանգամանք․ Գերմանիայի հավաքականը, պահպանելով դեռ Յոաքիմ Լյովի ֆուտբոլը, նոր մարտավարություններ է կիրառում Ֆլիկի գլխավորությամբ, ով շատ լավ ծանոթ է «բունդեսթիմի» ֆուտբոլիստներին։ Այսինքն` թիմը մեկ օրում չի որոշում խաղալ հատուկ մարտավորությամբ ու այդպես անում. այդ ամենը հստակեցման, երկարատև աշխատանքի, կայացած համակարգերի արդյունք են։

Մենք նոր ենք փորձում անել մեր առաջին քայլերը ու ցանկացած հաջողություն նոր ազդակ է մեր երկրի համար։ Պետք է պահպանել, փայփայել ձեռքբերածը, քանի որ հիմքը այսպես է լինում. ոչ մի թիմ մեկ օրում չի դառնում ուժեղ, իսկ ամենակարևոր քայլը մենք արդեն արել ենք․ ձեռք ենք բերել խաղային ճանաչելիություն, ինչը հիմքն է մնացած հաղթանակների։
Շտուտգարտում տեղի ունեցած հանդիպումը երեք միավորանոց խաղ էր, որի շրջանակում, ցավոք, բայց օրինաչափորեն մենք զիջեցինք, ավելի ուժեղ թիմի ու կորցրինք առաջին տեղը։

Մրցաշարային աղյուսակի մասին

Մենք նախկինում էլ նշել ենք, որ ընտրական մրցաշարը մարաթոնյան վազք է ու շատ կարևոր է ուժերի ճիշտ տեղաբաշխումը, ինչպես նաև մրացաշարային մարտավարությունը։ Մրցաշարային աղյուսակը մինչև նրա վերջնական ձևավորվելը միշտ կարող է «խաբել», քանի որ այն արտացոլում է կայացած խաղերից գոյացած միավորների հանրագումարը, բայց չի նշում, թե թիմերը դեռ ինչ հանդիպումներ պետք է անցկացնեն։

Այս պահի դրությամբ մենք բավական հաջող դիրք ենք զբաղեցնում, բայց կարևոր է հասկանալ, որ մեզ համար ամենացանկալի խաղացանկը մնացել է անցյալում։ Մնացած խաղերը, որոնք վճռորոշ դեր են ունենալու, մենք անցկացնելու ենք Ռեյկյավիկում և Բուխարեսոտւմ։
Այսինքն` մեզ բաժին հասած հաջող խաղացանկից մենք հնարավոր 12 միավորներերի վաստակել ենք 10-ը, ինչը շատ լավ արդյունք է։ Մոտ ապագայում երկրորդ հորիզոնականի համար պայքարում բեկումնային են լինելու հոկտեմբեր ամսվա երկու արտագնա հանդիպումները։

Իհարկե, դժվար է լինելու, հակտապես, երբ հանդիպումների միջև տարբերությունը երեք օր է, իսկ մեր թիմը դեռ Ռեյկյավիկից պետք է մեկնի Բուխարեստ, իսկ թռիչքը լավագույն դեպքում տևելու է վեց ժամից ոչ պակաս. սա էլ այն դեպքում, եթե լինի ուղիղ չվերթ։
Ամեն դեպքում նման խաղացանկ կազմելիս այս կարևոր գործոնները պետք էր հաշվի առնել։

Հիշեցնենք, որ յուրաքանչյուր խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրած հավաքականներն անմիջապես մեկնում են Քաթար, իսկ երկորդ հորիզոնական զբաղեցրած թիմերին միանում են ևս երկուսը Ազգերի լիգայի մրցաշարից։ Այդպիսով կկազմվի 12 թիմերց բաղկացած վեց զույգ, որոնք էլ կպարզեն եվրոպական գոտու վերջին 3 հաջողակ հավաքականներին, որոնք կուղևորվեն աշխարհի առաջնություն։

Անցումային խաղերի դեպքում շատ կարևոր է իմանալ հետևյալ փաստը. հանդիպումներն անցկացվելու են փլեյ-օֆֆ ձևաչափով (կիսաեզրափակիչ և եզրափակիչ), այսինքն, նույնիսկ եթե Հայաստանի հավաքականն իր խմբում զբաղեցնի 2-րդ հորիզոնականը, հետագայում պետք հաղթահարի ևս երկու մրցակցի արգելք, որպեսզի նվաճի աշխարհի առաջնության ողեգիր։ Նշենք նաև, որ դիմակայությունները բաղկացած են լինելու մեկ հանդիպումից, ինչն էլ ավելի է նվազեցնում շանսերը։

Բացի դրանից, անցումային խաղերի ուղեգիր նվաճած հավաքականները բաժանվելու են զամբյուղների. լավագույն 6 հավաքականները լինելու են «ուժեղների», իսկ մյուս 6-ը` «թույլերի» զամբյուղում, իսկ դրանց կազմը որոշվելու է ըստ որակավորման փուլում իրենց խմբերում գրանցած արդյունքների և հաշվի են առնվելու հավաքած ընդհանուր միավորների քանակը, խփած ու բաց թողած գոլերի տարբերությունը, ստացած դեղին ու կարմիր քարտերը և այլն։

Մեր հավաքականը մեր երկրի համար ավելին է, քան ուղղակի ֆուտբոլի ազգային ընտրանի։ Մենք պետք է լինենք միասին, հատկապես՝ պարտության դեպքում։ Երկրի ազգային թիմին կարելի է միայն մեղադրել նվիրվածության պակասի համար, իսկ նման խնդիր ներկա պահին բացարձակ չկա մեր թիմում։ Դեռ ամեն ինչ առջևում է և ցանկացած անհաջողություն պետք չէ երեսով տալ, քանի որ 2022 թ. աշխարհի առաջնությունով մոլորակը չի կործանվում։

Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով !!!

Կարեն Պողոսյան

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023