Գավիի վնասվածքի տեսակն ու ապաքինման ժամկետը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրո-2024-ի որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում կայացած Իսպանիա – Վրաստան (3:1) խաղում «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին ծանր վնասվածք է ստացել։
«Բլաուգրանայի» պաշտոնական կայքը հայտնում է, որ 19-ամյա ֆուտբոլիստն աջ ծնկի խաչաձև կապանների ամբողջական պատռվածք և կողային մենիսկի վնասվածք է ստացել։
Աղբյուրի փոխանցմամբ` իսպանացի կիսապաշտպանն առաջիկա օրերին կենթարկվի վիրահատության։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` Գավին ստացած վնասվածքի պատճառով բաց կթողնի 7-9 ամիս։
Այսպիսով, երիտասարդ ֆուտբոլիստի համար 2023/24 մրցաշրջանն ավարտված է։
Ակնկալվում է, որ վերջինս բաց կթողնի նաև Եվրո-2024-ն ու շարք կվերադառնա միայն 2024/25 մրցաշրջանի սկզբում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Գավի, Իսպանիայի հավաքական, Ֆաբրիցո Ռոմանո