Սիրելու արժանի ակումբ. Բրենթֆորդի սեփականատիրոջ անհավանական պատմությունը

Սիրելու արժանի ակումբ. Բրենթֆորդի սեփականատիրոջ անհավանական պատմությունը

22/08/2021 - 15:12

«Բրենթֆորդի» ու նրա սեփականատիրոջ պատմությունը յուրահատուկ է ամեն ինչով։ Օրինակ, որ աշխատանքը, հավատը, նորից աշխատանքը ու նորից հավատը դրական արդյունքի լավագույն գրավականն են։
Պատկերացրեք` դուք մանկուց մի ակումբի եք երկրպագում, որը երբեք թոփերից չի եղել, վերջին անգամ բարձրագույն լիգայում խաղացել է, երբ ոչ միայն դուք, այլև ձեր ծնողները ծնված չեն եղել։ Եվ այսպես, տարիներ անց դուք ավարտում եք բարձրագույն հաստատություն, գործունեություն եք ծավալում, որի արդյունքում այնքան գումար եք կարողանում վաստակել, որ գնում եք ձեր սիրելի թիմը, այնուհետև ճիշտ կառավարման շնորհիվ ակումբին դուրս եք բերում ֆուտբոլային էլիտա, որտեղ այն վերջին անգամ խաղացել էր 1947 թվականին։ Լավ հոլիվուդյան պատմություն է, այնպես չէ՞։


Մեթյու Բենհեմը վերը շարադրած պատմության գլխավոր հերոսն է։ 1979 թվականին առաջին անգամ ներկա լինելով «Բրենթֆորդի» մարզադաշտում «Կոլչեսթրի» դեմ հանդիպմանը` Բենհեմը 11 տարեկան հասակում վերջնականապես սիրահարվում է ակումբին։

Հետագայում ավարտում է Օքսֆորդը` ավարտելով ֆիզիկայի ֆակուլտետը։ Երիտասարդ ֆիզիկը որոշում է մասնագիտանալ նաև ֆինանսական ուղղվածությամբ։ Քսան տարի աշխատելով ֆինանսների աշխարհում` (նա աշխատել է Bank of America-ում) Բենհեմը 2001-ին որոշում է թողել այդ գործը և ամբողջովին ներգրավվում է ֆուտբոլային վիճակագրությունների ու վերլուծությունների ոլորտում։ Bank of America -ն փոխարինելով Premier Bet-ով` Մեթյուն զբաղվում է ֆուտբոլային վիճակագրություններով ու վերլուծություններով։ Հետագայում բացում է սեփական ընկերությունը` հիմնված վիճակագրությունների ու վերլուծությունների վրա, որը կոչվում է է SmartOdds: Մեթյու Բենհեմը հասկանում է, որ նրա հավաքած վերլուծությունները և վիճակագրական տվյալները կարող են օգնել ոչ միայն խաղադրույք կատարելիս, այև ակումբներին՝ հատկապես տրանսֆերային շուկայում, քանի որ նրա ընկերությունը հետազոտում էր նաև առանձին ֆուտբոլիստներին։

Եկավ ժամանակը և նա ուշադրություն դարձրեց իր սիրելի ակումբին։
2012 թվականին Բենհեմը գնում է «Բրենթֆորդը», որը այդ պահին ուներ 500 հազար ֆունտ պարտք և հետագայում կատարում է 90 միլիոն ֆունտ ներդրում ակումբի ենթակառուցվածքներում և հիմնական կազմը համալրելու համար։

Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ «Բրենթֆորդի» սեփականատերը ամբողջովին նվիրված է և սիրում է ակումբը։ Այս ամենը նրա համար ավելին է, քան ուղղակի զբաղմունք կամ բիզնեսը․ ֆուտբոլային աշխարհում նման սեփականետրեր գրեթե չկան։
Մի առթիվ Բենհեմը ասել է․ «Ես խոսում եմ ոչ թե նրա մասին, որ թիմը պարտվում կամ հաղթում է, հավաքում է միավորներ, թե ոչ, քանի որ այս ամենի մեջ շատ է «աղմուկը»։ Ես ցանկանում եմ տեսնել ստեղծած պահերի քանակը և որակը։ Ինձ համար կարևոր է ոչ թե հարձակման գծի արդյունավետությունը, այլ թե ինչպես է գործում ամբողջ թիմը, ինչպես է անհատական վարպետությունը աշխատում թիմային խաղում»։
«Բրենթֆորդի» սեփականատերը, ինչպես տեսնում ենք, փորձում է դատել խորը, որպեսզի տեսնի կարևորը։ Նման գործունեության շնորհիվ Արևմտյան Լոնդոնում գտնվող ակումբը վաստակել էր անգլիական ակումբների մեջ «հետախույզի» մականունը, քանի որ մեծ հաջողությամբ կարողանում էր գտնել այնպիսի ֆուտբոլիստների, որոնց չէին կարողացել բացահայտել այլ ակումբներում։ Նման վառ օրինակ է Սերխի Կանոսը, ով «Արսենալի դեմ խաղում հեղինակեց «Բրենթֆորդի» պատմության առաջին գոլը Պրեմիեր Լիգայում (խմբ.` «Բրենթֆորդը» հաղթել է 2:0 հաշվով)։

Լա Մասիայի ակադեմիայի սանը, ով 16 տարեկանում «Բարսելոնայի» համակարգից տեղափոխվել էր «Լիվերպուլ», այժմ գոլեր է հեղինակում «մեղուների» կազմում։

Ակուկբի ներկայիս` «Բերնթֆորդ Քոմյունիթի Սթեդիում» մարզադաշտը նույնպես կառուցվել է Մեթյու Բենհեմի ներդրումների շնորտիվ, որը բացվել է 2020 թ. սեպտեմբերի 1-ին։

«Բրենթֆորդը» մարզում է դանիացի մասնագետ Թոմաս Ֆրանկը։ 47-ամյա մասնագետը ամբողջովին միաձուլվել է ակումբին ու երկրպագուներին։ 2016-ին նա միացել էր ակումբին, որպես գլխավոր մարզչի օգնական, այնուհետև երկու տարի անց գլխավորեց առաջին թիմը։

Ֆրանկի գլխավարությամբ «մեղուները» առաջին տասը հանդիպումներից ութում պարտվեցին, բայց Բենհեմը վստահում էր դանիացի մարզչին և արդյուքները հետզհետե սկսեցին բարելավվել։

2019/20 մրցաշրջանի Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆի եզրափակիչում «Բրենթֆորդը» պարտվեց «Ֆուլհեմին»՝ գոլ բաց թողնելով լրացուցիչ ժամանակում։ Այդ ցավալի պարտությունից հետո Ֆրանկը հայտարարեց․ «Մենք կշարունակենք աշխատել, որպեսզի փորձենք հաջորդ տարի»։ Եվ փորձեցին ու ստացվեց` չնայած վաճառել էին իրենց լավագույն ֆուտբոլիստներից երկուսին՝ Օլի Վոթկինսին և Սայիդ Բենրահմային։
Վստահաբար կարելի է ասել, որ այս պահը, այս ժամանակշրջանը լավագույնն է «Բրենթֆորդի» պատմության մեջ, ու դեռ հնարավոր է ավելին։
Խոսենք Մետյու Բենհեմի լեզվով․ «Երբ հարցեր են առաջանում, ես վստահում եմ թվերին։ Թվերը երբեք չեն ստում»։ Հանճարեղ է ասված, այնպես չէ՞։

Այժմ եկեք թվերի լեզվով խոսենք «Բրենթֆորդի» մասին։ Երբեմնի 500 հազար ֆունտ ստերլինգ պարտք ունեցող ակումբն այսօր արժե 300 միլիոն դոլլար, իսկ եթե ակումբը կարողանա իրենց տեղը պահպանել ԱՊԼ-ում, ապա գինը կարող է հասնել մինչև 400 միլիոն դոլլարի։ Նոր մարզադաշտով, նոր ենթակառուցվածքով, նոր մոտեցումներով, աշխատանքով ու հավատքով Մեթյու Բենհեմի 1979 թվականից սկսած պատմությունը շարունակվում է։
Նրանք հաղթեցին Պրեմիեր Լիգայում հենց առաջին խաղում, հաղթեցին «Արսենալին»։ հաղթանակ, որին երկրպագուները սպասում էին 74 տարի։

Մեթյու Բենհեմը երջանկացրեց այս մարդկանց, ապացուցեց, որ աշխատանքով ու հավատով հնարավորվ է ամեն ինչ։
Արևմտյան Լոնդոնում գտնվող ակումբը, որի մասին կես դարից ավել ոչ ոք չի էլ հիշել, Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում 2:0 հաշվով հաղթեց «Արսենալին», իսկ հաջորդ խաղում 0:0 խաղաց ԱՊԼ-ում արդեն հնաբնակ համարվող «Քրիսթալ Փելասի» դեմ, ստիպեց բոլորիս խոսել ու գովաբանել նրան։

Միանշանակ սիրելու ու հարգանքի արժանի ակումբ։

Սիրե՛ք ֆուտբոլն, արեք ֆուտբոլով !!!

Կարեն Պողոսյան

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023