Բունդեսլիգա․ Բավարիայի նվաստացումը, Լայպցիգի գոլային հրավառությունը?
Ընթանում է գերմանական Բունդեսլիգայի 10-րդ տուրը։ Արդեն ավարտվել է 7 հանդիպում։
Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» «Կոմերցբանկ Արենայում» իսկական դժոխքի վերածեց «Բավարիայի» ֆուտբոլիստների համար՝ հաղթելով 5։1 հաշվով։ Նախ հանդիպումը մեկնարկեց նրանով, որ արդեն 9-րդ րոպեին կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց մյունխենցիների կենտրոնական պաշտպան Ժերոմ Բոատենգը։
Այնուհետև սկսվեց «Այնտրախտի» գոլային հրավառությունը։ Գոլերի հեղինակներ դարձան Ֆիլիպ Կոստիչը, Դավիդ Աբրահամը, Ջիբրիլ Սոուն, Մարտին Հինտերեգերը և Գոնսալու Պասիենսան, իսկ «Բավարիայի» կազմում 10-րդ հանդիպումն անընդմեջ գոլի հեղինակ դարձավ առաջնության լավագույն ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին՝ հեղինակելով իր 14-րդ գնդակը Բունդեսլիգայում։
Նիկո Կովաչի սաները մնացին 18 միավորով և իջան 4-րդ հորիզոնական, իսկ «Այնտրախտը» 17 միավորով 6-րդն է։
«Ռեդ Բուլ Լայպցիգը», հաղթանակ չտոնելով նախորդ 4 հանդիպումներում, այսօր, իրոք, տեղը հանեց։ Յուլիան Նագելսմանի սաները քարը քարի վրա չթողեցին «Մայնցին»՝ սեփական հարկի տակ 8 անպատասխան գնդակ ուղարկելով հյուրերի դարպասը։
Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Տիմո Վերները, մեկական անգամ էլ աչքի ընկան Մարսել Զաբիտցերը, Քրիստոֆեր Նկունկուն, Մարսել Հալստենբերգը, Յուսուֆ Պոուլսենը և Նորդի Մուկիելեն։
«Լայպցիգը» 18 միավորով 3-րդ հորիզոնականում է, իսկ «Մայնցը» 9 միավորով 14-րդն է։
Առաջատարների թվում ընթացող Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում ընդունել էր «Վոլֆսբուրգին», որը միակ թիմն էր, ով պատրություն չուներ առաջնության շրջանակներում։
Լուսիեն Ֆավրի սաները տարան վստահ հաղթանակ՝ 3։0 հաշվով։ Հանդիպման բոլոր գնդակները խփվեցին երկրորդ խաղակեսում։ Գոլերի հեղինակներ դարձան Տորգան Ազարը, Ռաֆայել Գերեյրոն և Մարիո Գյոթցեն։
«Բորուսիան» 19 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական, իսկ «Վոլֆսբուրգը» մնաց 17 միավորով և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։
Առաջատար Մյունխենգլադբախի «Բորուսիան» Լևերկուզենում հյուր էր գնացել տեղի «Բայերին» և դժվարին պայքարում կարողացավ առավելության հասնել 1։2 հաշվով։ «Բորուսիայի» կազմում գոլերի հեղինակներ դարձան Օսկար Վենդտը և Մարկուս Թյուրամը, իսկ «ասպիրինայինների» կազմում՝ Կևին Ֆոլանդը։
«Բորուսիան» 22 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Բայերը» 15 միավորով 10-րդ հորիզոնականում է։
Ավարտված մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները․
«Հոֆֆենհայմ» 3։0 «Պատերբորն»
«Ունիոն Բեռլին» 1։0 «Հերտա»
«Վերդեր» 2։2 «Ֆրայբուրգ»
# Այնտրախտ, Բավարիա, Բորուսիա Մյունխենգլադբախ, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Լայպցիգ