Մեկ գնդակով մի քանի նապաստակ․ Բելինգհեմը մի շարք տպավորիչ ցուցանիշներ գրանցեց
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» սեփական հարկի տակ 1։2 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»՝ լքելով պայքարը։ Ընդհանուր դիմակայության շրջանակում գրանցվեց 4։2 հաշիվը։
Կողմերի միջև կայացած պատասխան խաղում դորտմունդյան ակումբի միակ գնդակը խփեց 17-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, ինչի շնորհիվ նա մի շարք տպավորիչ ցուցանիշներ է գրանցել։
Ինչպես տեղեկացնում է Չեմպիոնների լիգայի Twitter-ի պաշտոնական էջը, Բելինգեմը դարձել է Չեմպիոնների լիգայի շրջանակում «Բորուսիա Դորմտունդի» կազմում գոլ խփած երբևէ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Նա հանդիպման օրը եղել է 17 տարեկան և 289 օրական։
Բացի դրանից, Բելինգհեմը դարձավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում երբևէ գոլ խփած երկրորդ ամենարիտասարդ ֆուտբոլիստը՝ զիջելով միայն Բոյան Կրկիչին, ով «Բարսելոնայի» կազմում 2008 թվականին 1/8 եզրափակչի շրջանակում «Շալկե-04»-ի դեմ արտագնա խաղում գոլի հեղինակ էր դարձել 17 տարեկան 17 տարեկան և 217 օրական հասակում։ Այդ մասին էլ տեղեկացնում է OptaJoe-ն։
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքն էլ գրում է, որ Բելինգհեմն ընդգրկվել է նաև Չեմպիոնների լիգայի շրջանակում երբևէ գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների լավագույն տասնյակում։
Նա այդ ցանկում հանգրվանեց պատվավոր 8-րդ հորիզոնականում՝ զիջելով միայն Անսումանե Ֆաթիին («Բարսելոնա», 17 տարեկան և 40 օրական), Պիտեր Օֆորի-Քուայեին («Օլիմպիակոս», 17 և 195 օրական), Մատեո Կովաչիչին («Դինամո Զագրեբ», 17 տարեկան և 216 օրական), Բոյան Կրկիչին («Բարսելոնա», 17 տարեկան և 217 օրական), Սեսկ Ֆաբրեգասին («Արսենալ», 17 տարեկան և 218 օրական), Մարտին Քլայնին («Սլավիա Պրահա», 17 տարեկան և 241 օրական), ինչպես նաև Բրիլ Էմբոլոյին («Բազել», 17 տարեկան և 263 օրական)
Տասնյակում են նաև Արոն Ռեմզին («Արսենալ», 17 տարեկան և 300 օրական) ու Պեդրին («Բարսելոնա», 17 տարեկան և 330 օրական) (խմբ․՝ նշված են այն ակումբները, որոնց կազմում վերոնշյալ ֆուբտոլիստները դարձել են գոլի հեղինակ)։
Վերջում ևս մեկ տպավորիչ ցուցանիշ արձանագրենք․ Football on BT Sport-ը հայտնում է, որ Բելինգհեմը դարձել է Չեմպիոնների լիգայի շրջանակում գոլ խփած ամենաերիտասարդ անգլիացի ֆուբտոլիստը։
Հիշեցնենք, որ Ջուդ Բելինգհեմը 2020 թվականի հուլիսին է համալրել «Բորուսիա Դորտմունդի» շարքերը։ Այդ ժամանակ «իշամեղուների» ղեկավարներն անգլիկան «Բիրմինգհեմին» ֆուտբոլիստի դիմաց վճարեցին 23 մլն եվրո։ Մինչ այս պահը նա դորտմունդյան ակումբի կազմում մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անսումանե-Ֆաթի, Արոն Ռեմզի, Արսենալ, Բազել, Բարսելոնա, Բոյան Կրկիչ, Բորուսիա-Դորտմունդ, Բրիլ Էմբոլո, Մանչեսթեր-Սիթի, Մարտին Քլայն, ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա, Պեդրի, Պիտեր Օֆորի-Քուայե, Ջուդ Բելինգհեմ, Սեսկ Ֆաբրեգաս, Սլավիա Պրահա, Օլիմպիակոս