Բոլիվիան ջախջախեց Ուրուգվային, Պերուն ու Էկվադորը հաղթանակներ տոնեցին🎥
Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 14-րդ տուրում Ուրուգվայի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Բոլիվիայի ընտրանու դեմ։
Ուրուգվայցիները շարունակում են անչափ անհաջող հանդես գալ ընթացիկ ընտրական փուլում և պարտվեցին 0:3 հաշվով։
Օսկար Տաբարեսի թիմը ԿՈՆՄԵԲՈԼ-ի գոտու որակավորման փուլում կրեց արդեն չորրորդ անընդմեջ պարտությունը։
Բոլիվիայի հավաքականի կազմից դուբլի հեղինակ դարձավ Խուան Արսեն, մեկ գոլ էլ իր անվան դիմաց գրանցեց Մարսելո Մորենոն։
Նշենք, որ Մորենոն ընթացիկ որակավորման փուլի ընթացքում դարձել է 9 գոլի հեղինակ և վստահ գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
Դրան զուգահեռ, Էկվադորի հավաքականը վստահ քայլերով շարժվում է դեպի աշխարհի առաջնության խմբային փուլ. Գոնսալո Ալֆարոյի սաներն այս անգամ հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեցին Չիլիին։
Էկվադորին հաղթանակ պարգևեցին Պերվիս Էստուպինիանի և Մոյզես Կայսեդոյի խփած գոլերը։
Հանուն արդարության` նշենք, որ չիլիացիները 14-րդ րոպեից սկսած հանդես են եկել 10 ֆուտբոլիստներով, քանի որ կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց Արթուրո Վիդալը։
Պերուի հավաքականն էլ ամեն կերպ փորձում է ներխուժել լավագույն քառյակ և հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց հետնապահ Վենեսուելային։
Պերուին հաղթանակ պարգևեցին Ջանլուկա Լապադուլայի և Քրիստիան Կուևայի խփած գոլերը, տանտերերի միակ գնդակն էլ խփեց Դարվին Մաչիսը։
Հավելենք, որ 1:2 հաշվի ժամանակ Մաչիսը 68-րդ րոպեին չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոցը. պերուացիների դարպասապահ Պեդրո Գալյեսեն հետ մղեց նրա հարվածը։
ԿՈՆՄԵԲՈԼ-ի գոտու որակավորման փուլի շրջանակում կայացել է ևս երկու հանդիպում.
Կոլումբիա 0:0 Պարագվայ
Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
- Բրազիլիա (անցկացրած 13 խաղ) – 35 միավոր
- Արգենտինա (անցկացրած 13 խաղ) – 29 միավոր
- Էկվադոր – 23 միավոր
- Կոլումբիա – 17 միավոր
- Պերու – 17 միավոր
- Չիլի – 16 միավոր
- Ուրուգվայ – 16 միավոր
- Բոլիվիա – 15 միավոր
- Պարագվայ – 13 միավոր
- Վենեսուելա – 7 միավոր
Նշենք, որ Բրազիլիայի ու Արգենտինայի հավաքականներն արդեն նվաճել են աշխարհի 2022 թ. առաջնության խմբային փուլի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Արթուրո-Վիդալ, Բոլիվիայի հավաքական, Գոնսալո Ալֆարո, Դարվին Մաչիս, Էկվադորի հավաքական, Խուան Արսե, Մարսելո Մորենո, Մոյզես Կայսեդո, Ուրուգվայի հավաքական, Չիլիի հավաքական, Պերուի հավաքական, Պերվիս Էստուպինիան, Ջանլուկա Լապադուլա, Քրիստիան Կուևա, Օսկար Տաբարես