Բենֆիկան երկու անհավանական առաջարկ է ստացել Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերի վերաբերյալ
«Բենֆիկայի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հայտնվել է գրեթե բոլոր գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում է A Bola-ն, «արծիվները» հնարավորություն ունեն 21-ամյա ֆուտբոլիստին վաճառել 127 մլն եվրոյի դիմաց. ակումբը երկու նման առաջարկ է ստացել։
Աղբյուրի փոխանցմամբ` այդ տեղեկությունը «Բենֆիկայի» նախագահ Ռուի Կոշտային հայտնել է Ֆերնանդեսի գործակալ Ժորժե Մենդեշը։
Հատկանշական է, որ չի բարձրայանվում առաջարկ կատարած ակումբների անունները, սակայն հայտնի է, որ արգենտինացի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Լիվերպուլը», «Ռեալ Մադրիդը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։
Նշենք, որ երիտասարդ կիսապաշտպանի ու պորտուգալական ակումբի միջև գործող պայմանագրում առկա է հրաժարագնի կետ, որը կազմում է 120 մլն եվրո։
Հաղորդվում է, որ «Բենֆիկան» դեռևս չի շտապում վաճառել Ֆերնանդեսին` հույս ունենալով, որ Մենդեշին կհաջողվի բարձրացնել նրա տրանսֆերային արժեքը։
Հավելենք, որ Էնցո Ֆերնանդեսն «արծիվների» շարքերը համալրել է 2022 թ. ամռանը և մինչ այժմ ակումբի կազմում անցկացրել է 24 հանդիպում` դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ վերջերս ավարտված աշխարհի առաջնության շրջանակում երիտասարդ ֆուտբոլիստն Արգենտինայի հավաքականի կազմում դարձավ չեմպիոն։
Ֆերնանդեսն ԱԱ-2022-ի շրջանակում անցկացրած 7 խաղում դարձավ 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ` ճանաչվելով մրցաշարի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արգենտինայի հավաքական, բենֆիկա, Էնցո Ֆերնանդես, Ժորժե Մենդեշ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Ռեալ Մադրիդ, Ռուի Կոշտա, տրանսֆերներ