Բենզեման աստղաբաշխական առաջարկ է ստացել

Բենզեման աստղաբաշխական առաջարկ է ստացել

30/05/2023 - 11:04

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կարիմ Բենզեման, հնարավոր է, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանա «արքայական» ակումբից։

Ինչպես տեղեկացնում է Relevo-ն, ֆրանսիացի հարձակվողը Սաուդյան Արաբիայից աստղաբաշխական առաջարկ է ստացել, ըստ որի, նա 2 տարում կվաստակի 200 մլն եվրո աշխատավարձ։

Առաջարկը ներառում է նաև հավելյալ եկամուտներ տարբեր գովազդային պայմանագրերից, երեխաների համար դպրոցի հիմնում, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի, Հունաստանի և Եգիպտոսի հետ համատեղ հայտ ներկայացնելու հնարավորություն՝ ԱԱ-2030-ն ընդունելու համար։

Նշենք, որ աղբյուրը չի հայտնում, թե սաուդարաբական որ ակումբն է այդ առաջարկը կատարել։

Հաղորդվում է, որ «Ռեալի» ղեկավարներն արդեն կասկածում են, որ Կարիմ Բենզեման սկսել է լրջորեն մտածել ակումբից հեռանալու մասին և պատրաստ է ընդունել վերոնշյալ առաջարկը։

«Սերուցքայինների» ղեկավարներն այդ եզրահանգմանն են եկել այն բանից հետո, երբ Բենզեման Լա լիգայի 34-րդ տուրում «Խետաֆեի» դեմ կայացած խաղից (1:0) առաջ ներկա չի եղել Իսպանիայի գավաթի ներկայացման հատուկ միջոցառմանը։

Բացի դրանից, «Ռեալի» ներկայացուցիչների մոտ տարակուսանք է առաջացրել նաև այն փաստը, որ 35-ամյա հարձակվողը հրաժարվել է որևէ մամուլի ասուլիս տալ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունից հետո (0:4

Հատկանշական է, որ «Ռեալի» ու Բենզեմայի միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին։ Այն պետք է մեխանիկորեն ևս 1 տարով երկարաձգվեր 2022 թ. հոկտեմբերին, երբ ֆրանսիացի գոլահարը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր, սակայն այդ մասին դեռևս որևէ պաշտոնական տեղեկատվություն չկա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մադրիդյան ակումբն սկսել է դիտարկել նոր հարձակվող ձեռք բերելու տարբերակներ և հետաքրքրված է Հարի Քեյնի («Տոտենհեմ»), Վիկտոր Օսիմենի («Նապոլի»), Ռոբերտո Ֆիրմինոյի («Լիվերպուլ») Խոսելուի («Էսպանյոլ»), ինչպես նաև Լաուտարո Մարտինեսի («Ինտեր») ծառայություններով։

Հիշեցնենք, որ Կարիմ Բենզեման «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2009 թ. հուլիսից` անցկացրած 647 խաղում դառնալով 353 գոլի և 165 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023