Բարտոմեուն հրաժարական տվեց․ ի՞նչ է սպասվում Բարսելոնային և ո՞վ է լինելու հաջորդ նախագահը
Հոկտեմբերի 27-ին «Բարսելոնայի» արդեն նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հրավիրված հատուկ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ տնօրենների խորհրդի հետ հրաժարական է տվել։
Զարգացումների այդպիսի ընթացքին որևէ մեկը չէր հավատում, քանի որ դրանից մեկ օր առաջ 57-ամյա մասնագետը հայտարարել էր, որ ոչ մի դեպքում չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն, պետք է նշենք, որ իրադարձությունները հենց դրան էլ տանում էին։
Ի վերջո, ի՞նչն է ստիպել Խոսեպ Մարիա Բարտոմեուին հրաժարական տալ։
Այս հարցի պատասխանն այնքան էլ դժվար չէ գտնել․ Բարտոմեուի վրա անհավանական ճնշում կար մի կողմից երկրպագուների, մյուս կողմից էլ նրա մրցակիցների կողմից, ովքեր ստորագրահավաք անցկացրին և անվստահության քվե հայտնեցին ակումբի նախագահի նկատմամբ։
Ամեն դեպքում, հարկ ենք համարում հիշեցնել, թե անցնող ամիսներին ինչ է տեղի ունեցել «Բարսելոնայի» ներքին խոհանոցում։ Օգոստոսին Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում «Բարսելոնան» 2։8 հաշվով խատյառակ պարտություն կրեց «Բավարիայից», գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը պաշտոնանկ արվեց, նրա փոխարեն նշանակվեց Ռոնալդ Կումանը, ով միանգամից մի քանի ֆուտբոլիստների հետ առանձնազրույց ունեցավ։
Հոլանդացի մասնագետը հասկացնել տվեց, որ հանդերձարանում այլևս որևէ ֆուտբոլիստ չի ունենալու իշխող դեր և միակ մարդը, ում պետք է լսեն այնտեղ, դա հենց ինքը պետք է լինի։ Մի շարք ֆուտբոլիստների էլ հասկացրեց, որ նոր ակումբ պետք է փնտրեն։ Ակումբից հեռացան այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսք էին Լուիս Սուարեսը, Իվան Ռակիտիչը, Արթուրը, Արթուրո Վիդալը, Նելսոն Սեմեդուն, այսինքն, հիմնական կազմի այն կորիզը, ովքեր մշտապես խաղաժամանակ էին ստանում։
Օգոստոսի վերջին ակումբի լարված մթնոլորտը հասավ իր գագաթնակետին․ Լեո Մեսսին բյուրոֆաքսի միջոցով ակումբին տեղեկացրեց, որ ցանկանում է հեռանալ ակումբից՝ օգտվելով իր պայմանագրում առկա որոշ կետերից, որոնք հնարավորություն էին տալիս նրան խզել պայմանագիրը և անվճար հեռանալ ակումբից, սակայն Խոսեպ Մարիա Բարտոմեուն և նրա ներկայացուցիչները չգնացին ոչ մի զիջման և, ի վերջո, արգենտինացի ֆուտբոլիստը Goal.com-ին հարցազրույց տվեց և պաշտոնապես հայտարարեց, որ մնում է ակումբում։ Արգենտինացին այժմ կարող է հունվարին բանակցություններ սկսել ցանկացած ակումբի հետ, քանի որ նրա պայմանագիրը լրանում է 2021 թվականին և դառնալու է ազատ գործակալ, եթե մինչև այդ նոր պայմանագիր չստորագրի ակումբի հետ։
Սեպտեմբերին արդեն սկսեց երերալ Բարտոմեուի աթոռը։ Սեպտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ Ժորդի Ֆարեն և նրա կողմնակիցները պատրաստվում են անվստահության քվե հայտնել նրան, ինչի համար անհրաժեշտ էր հավաքել 16521 ստորագրություն և Ֆարեն հավաքեց 20687, իսկ գործընթացը մտավ ուժի մեջ։
Դրանից հետո ստեղծվեց հատուկ հանձնաժողով, որում ընգրկվեցին «Բարսելոնայի» տնօրենների խորհրդի երկու անդամ, այն երկու անձինք, ովքեր առաջինն են ստորագրել անվստահության քվեի գաղափարի օգտին, ինչպես նաև Կատալոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներից մեկը։ Տվյալ հանձնաժողովը զբաղվում էր ստորագրությունների օրինականության ստուգմամբ, այսինքն, փորձում էր պարզել դրանք կեղծ են, թե, իրոք, այդքան մարդ ստորագրել է անվստահության քվեի գաղափարի օգտին։
Ստորագրությունների վավերականության ստուգումը տևեց մոտ 20 օր և հոկտեմբերի 8-ին արդեն տեղեկատվություն տարածվեց, որ 20687 ստորագրությունից օրինական և վավեր էին 18090-ը, ինչը բավական էր, որպեսզի «Բարսայի» նախագահին անվստահության քվե հայտնեն։
Դրանից հետո Բարտոմեուին անվստահության քվե հայտնելու հարցը տնօրենների խորհդրի նիստի ժամանակ պետք է դրվեր քվեարկության, սակայն Ժորդի Ֆարեն կարծում էր, որը բանը դրան չի հասնելու և հենց այդպես էլ եղավ։ Հավելենք, որ Բարտոմեուի կողմնակիցներն ամեն կերպ փորձում էին չեղարկել կամ հետաձգել այդ նիստը, սակայն Կատալոնիայի քաղաքային խորհուրդը մերժեց այդ գաղափարը։
Քվեարկությունը պետք է կայանար նոյեմբերի 1-2-ին, որը տեղի էր ունենալու «Կամպ Նոու» մարզադաշտում։ Ինչպես արդեն նշեցինք, Բարտոմեուն չէր համաձայնում և ամեն ինչ փորձում էր անել, որպեսզի դա տեղի չունենա։ Նա այդ քվեարկության հետաձգման փորձերը պատճառաբանում էր նրանով, որ սոսիոների (խմբ․՝ «Բարսելոնայի» պաշտոնական անդամները) միջին տարիքը 58-ն է, իսկ 60-ից բարձր 40 հազար անդամ կա և նրանց համար խիստ վտանգավոր է կորոնավիրուսի երկրորդ ալիքի պայմաններում մասնակցել այդ քվեարկությանը։
Բարտոմեուն առաջարկում էր, որպեսզի քվեարկությունը կայանա նոյեմբերի 15-16-ին՝ 21 տարբեր տեղամասերում, որոնցից 13-ը պետք է լինեին Կատալոնիայում, իսկ մյուս 8-ը՝ Իսպանիայի տարբեր վայրերում, սակայն, ինչպես արդեն նշեցինք, Կատալոնիայի քաղաքային խորհրդի կողմից այդ գաղափարը մերժվեց։
Նշենք, որ եթե բանը հասներ քվեարկության, ապա սոսիոների երկու երրորդը պետք է կողմ քվեարկեին Բարտոմեուի հեռացման օգտին։ Եթե ցանկանում եք իմանալ, ապա նաև նշենք պարզապես, որ այդ քվեարկությանը մասնակցելու էին մոտ 150 հազար մարդ։
Իսկ ի՞նչ է լինելու հետո
Բարտումեոյի հեռանալուց հետո ակտիվանում է «Բարսելոնայի» կանոնադրության 35.4 հոդվածը, ինչի շնորհիվ ակումբի ղեկավարումը հանձնվում է, այսպես կոչված, Կառավարման հանձնաժողովին, որը հավաքական մարմին է։
Ակումբի տնտեսական հանձնողովի նախագահը դառնալու է այդ Կառավարման հանձնաժողովի նախագահ։ Այդ պաշտոնում ավտոմատ կերպով նշանակվելու է Կառլես Տուսկետսը, ով էլ ակումբի նոր ժամանակավոր ղեկավարն է դառնալու։ Տուսկետսը չէր համարվում ակումբի տնօրենների խորհրդի անդամ։
Կառավարման հանձնաժողովը բաղկացած կլինի 7 հոգուց։ Ակումբի նախկին տնօրենների խորհուրդն ուներ 14 անդամ, իսկ, ըստ կանոնադրության, այդ Կառավարման հանձնաժողովը պետք է գոնե լրացված լինի 50%-ով։
Մոտ ժամանակներս Կառավարման հանձնաժողովը պետք է կատարի տնօրենների խորհրդի գործառույթները։ Դրա հիմնական գործառույթը պետք է լինի առաջիկա երեք ամսում կազմակերպել և անցկացնել նոր նախագահական ընտրություններ։
Ովքե՞ր են հավակնում «Բարսելոնայի» նախագահի պաշտոնին
Թեկնածուների թվում կարելի է տեսնել Խոսեպ Մարիա Բարտոմեուի «տակը փորած» Ժորդի Ֆարեին, ով սկիզբ դրեց անվստահության քվեի գաղափարին, «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտային, Բարտոմեուի մշտական քննադատ Վիտկոր Ֆոնտին, ինչպես նաև Տոնի Ֆրեյշայի և Կսավյե Վիլախոանային։ Ֆրեյշան Սանդրո Ռոսելի նախագահության տարիներին եղել է նրա մամուլի խոսնակը, ինչպես նաև տնօրենների խորհդրի անդամ էր։ Կսավյե Վիլախոանան էլ «Բարսելոնա Բ»-ի սպորտային տնօրենն է։
Կարծում ենք՝ հիմնական պայքարը ծավալվելու է հենց Ժորդի Ֆարեի և Ժոան Լապորտայի միջև, քանի որ հենց նրանք ունեն այս պահին ամենամեծ լծակները։ Ֆարեն կարողացավ պաշտոնանակ անել Բարտոմեուին, դե իսկ Լապորտայի օրոք ակումբը անհավանական արդյունքներ էր գրանցում և ակումբի ներսում շատերը ցանկանում են նրա վերադարձը։
Ի՞նչ է հայտնի «Բարսելոնայի» ժամանակավոր կառավարման մասին
Կառլես Տուսկետսը «Բարսելոնայի» համակարգում աշխատում է դեռևս ակումբի նախագահ Խոսեպ Լուիս Նունյեսի ժամանակներից, ով «բլաուգրանասի» ղեկին էր 1978-2000 թվականներին։ Տուսկետսն այդ ժամանակ եղել է ակումբի ամենաերիտասարդ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը (27 տարեկան) և առևտրային ոլորտի պատասխանատուն է եղել։
Տուսկետսն ավելի քան 40 տարվա փորձ ունի ֆինանսական ոլորտում։ Այժմ նա ղեկավարում է իր սեփական «Trea Capital» ընկերությունը, որը ռազմավարական աջակցություններ է ցույց տալիս տարբեր բիզնես-ընկերությունների, ինչպես նաև ներդրումներ է կատարում որոշ ոլորտներում։ Տուսկետսը նաև Ֆինանսական պլանավորման եվրոպական ասոցիացիայի և Իսպանական ներդրումային և կենսաթոշակային ֆոնդերի ասոցիացիայի փոխնախագահ: Նախկինում նա ունեցել է բիզնես նախագծեր էներգետիկայի, անշարժ գույքի և այլ ծառայությունների ոլորտում։
Այժմ Կառլես Տուսկետսը 45-90 օրվա ընթացքում պետք է կազմակերպի և անցկացնի ակումբի նոր նախագահական ընտրություններ։
# Արթուր, Արթուրո-Վիդալ, Բարսելոնա, Ժոան Լապորտա, Ժորդի Ֆարե, Իվան Ռակիտիչ, Լեո Մեսսի, Լուիս-Սուարես, Խոսեպ Մարիա Բարտոմեու, Կառլես Տուսկետս, Կսավյե Վիլախոանա, Նելսոն Սեմեդու, Ռոնալդ Կուման, Վիկտոր Ֆոնտ, Տոնի Ֆրեյշա