Մեսսին փայլում է․ Բարսան փորձում է ուշքի գալ 🎥
Իսպանական Լա լիգայի շրջանակում կայացավ դեռևս 1-ին տուրից հետաձգված «Բարսելոնա» – «Էլչե» հանդիպումը։
Այս խաղը պետք է տեղի ունենար դեռևս 2020 թվականի սեպտեմբերին, սակայն, «Բարսելոնան», քանի որ հասել էր Չեմպինների լիգայի 2019/20 խաղարկության 1/4 եզրափակիչ (խմբ․՝ ինչպես հիշում եք, մրցաշարի վերջնամասն անցկացվեց 2020 թ․ օգոստոսին), ակումբին լրացուցիչ հանգստի հնարավորություն տրվեց։
Ճիշտ է՝ առաջին կեսում Ռոնալդ Կումանի թիմն ուներ առավելություն, ավելի շատ էր տիրում գնդակին (66%), սակայն «Բարսայի» խաղում չկար սրություն, ինչպես նաև՝ որոշ դրվագներում նպաստավոր դիրքերից աչքի ընկնելու հիանալի պահեր կորցրին։
Հատկապես հիշատակման է արժանի Ֆրանսիսկու Տրինակուի դրվագը, երբ 20-րդ րոպեին պորտուգալացի վինգերը հարձակման աջ եզրով ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, սակայն նրա հարվածից հետո «Էլչեին» փրկեց Էդգար Բադիան։
Ինչ վերաբերում է հանդիպման հյուրերին, ապա Ֆրանսիսկո Էսկրիբայի սաները, կարծես, վախենային ավելի զորեղ մրցակցից․ հակագրոհելու հնարավորություն դեպքում, հապաղում էին՝ կորցնելով գնդակը։
Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսն առաջինի լրիվ հակապատկերն էր։ Խոսքը, հատկապես, «բլաուգրանասի» խաղի մասին է, որը, պարզապես, հիանալի խաղակես անցկացրեց և երեք անգամ գրավեց մրցակցի դարպասը։
Նախ՝ 48-րդ րոպեին Լեո Մեսսին, Մարտին Բրեյթվեյթի հետ «պատ» խաղարկելով, հայտնվեց հարվածային դիրքում և բացեց խաղի հաշիվը, ապա՝ 69-րդ րոպեին արգենտինացի հարձակվողն արդեն իր հաշվին դուբլ գրանցեց՝ կրկնապատկելով «Բարսայի» առավելությունը։
Հավելենք, որ 33-ամյա հարձակվողը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի շրջանակում հեղինակել է արդեն 18 գնդակ և միանձնյա գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը՝ մոտակա հետապնդող Լուիս Սուարեսից («Ատլետիկո Մադրիդ») առաջ անցնելով երկու գոլով։
Հանդիպման վերջակետն էլ 73-րդ րոպեին դրեց Ժորդի Ալբան։ Լեո Մեսսին մրցակցի տուգանային հրապարակի մատույցներից օդային «կտրող» փոխանցումով հարձակման ձախ եզրում գտավ նույն Բրեյթվեյթին, ով էլ գնդակը գլխով հասցեագրեց Ժորդի Ալբային․ վերջինս էլ հաշիվը դարձրեց 3։0։
Հատկանշական է, որ խփած 3-րդ գոլից հետո էլ կատալոնական ակումբը փորձում էր էլ ավելի մեծացնել իր առավելությունը, սակայն երկու անգամ նպաստավոր դիրքերից գոլի հեղինակ չկարողացավ դառնալ փոխարինման դուրս եկած Անտուան Գրիզմանը։
Ինչպես պարզվեց հետագայում, Ժորդի Ալբայի գոլը վերջինն էր այս խաղում։
Այսպիսով, «Բարսելոնան» 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Էլչեի» նկատմամբ։
«Կապտանռնագույններն» իրենց միավորների քանակը հասցրին 50-ի, շրջանցեցին «Սևիլիային»՝ բարձրանալով 3-րդ հորիզոնական։ Լա լիգայի հաջորդ՝ 25-րդ, տուրի շրջանակում այս թիմերը միմյանց դեմ կմրցեն «Ռամոս Սանչես Պիսխուան» մարզադաշտում։
Հիշեցնենք, որ մրցաշարային աղյուսակը 55 միավորով գլխավորում է «Ատլետիկո Մադրիդը», իսկ «Ռեալը», 52 միավորով, 2-րդն է։ «Ատլետիկոն» մյուս թիմերի համեմատ մեկ հանդիպում պակաս է անցկացրել։
«Էլչեն» էլ մնաց 21 միավորով և զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Էլչե, Ժորդի Ալբա, Լա լիգա, Լեո Մեսսի, Լուիս-Սուարես, Մարտին Բրեյթվեյթ, Ռեալ Մադրիդ, Ռոնալդ Կուման, Սևիլիա