Բարսելոնան տրանսֆերային առաջարկ չի կատարի Ինտերին

Բարսելոնան տրանսֆերային առաջարկ չի կատարի Ինտերին

29/06/2023 - 14:10

«Ինտերի» կիսապաշտպան Մարցելո Բրոզովիչի ապագան շարունակում է անորոշ մնալ։

Դեռ օրեր առաջ հայտնի էր դարձել, որ խորվաթ ֆուտբոլիստը մոտ է կարեիրան Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում շարունակելուն։

«Ներաձուրիները» գործարքի հարցում հասել էին համաձայնության, որի դիմաց պետք է վաստակեին 23 մլն եվրո, իսկ 30-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը պետք է լիներ 20 մլն եվրո։

Այդուհանդերձ, գործարքի կայացումը կախված է եղել միայն անձամբ Բրոզովիչի որոշումից, ով չի շտապում ընդունել «Ալ Նասրի» առաջարկը։

Ըստ լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի տեղեկությունների` բանակցությունների ընթացքում խորվաթ ֆուտբոլիստը փոխել է իր պահանջները և ցանկացել կնքել ոչ թե 3, այլ 2 տարվա պայմանագիր ու ստանալ տարեկան 30 մլն եվրո աշխատավարձ։

Բացի այդ, Բրոզովիչը տեղյակ է, որ իր ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան» ու այժմ սպասում է «բլաուգրանայի» առաջարկին։

Սակայն, կատալոնական ակումբը շարունակում է ֆինանսական խնդիրներ ունենալ և, ինչպես հայտնում է Diario Sport-ը, «կապտանռնագույնները» խորվաթ կիսապաշտպանին ձեռք բերելու համար որևէ տրանսֆերային առաջարկ չեն կատարելու «Ինտերին»։

Նշվում է, որ Բրոզովիչին ձեռք բերելու համար «Բարսելոնան» ստիպված է վաճառել մի շարք ֆուտբոլիստների։

Դեռ ավելին` սպասվում է, որ «Ատլետիկ Բիլբաոյի» կենտրոնական պաշտպան Ինիգո Մարտինեսի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի հետ պայմանագրեր կնքելուց հետո «բլաուգրանան» այլևս որևէ գործարք չի իրականացնի ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Իրավիճակը կարող է փոխվել, եթե կատալոնական ակումբը կարողանա շահավետ ինչ-որ վաճառք իրականացնել, հակառակ դեպքում այլ համալրումներ «Բարսելոնայում» ներկա պահին չեն սպասվում։

Հավելենք, որ Մարցելո Բրոզովիչն «Ինտերի» կազմում հանդես է գալիս 2015 թ. հունվարից` անցկացրած 330 խաղում դառնալով 31 գոլի և 43 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023