Բարսելոնան պատրաստ է պայմանագիր կնքել Գերմանիայի հավաքականի երկու ֆուտբոլիստների հետ
Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Ջոնաթան Տահը և կիսապաշտպան Յոզուա Կիմիխը հայտնվել են «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։
Mundo Deportivo-ն գրում է, որ «բլաուգրանան» պատրաստ է 2025 թ. ամռանն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր կնքել երկու ֆուտբոլիստների հետ։
28-ամյա Տահը 2015 թվականի հուլիսից հանդես է գալիս «Բայերի» կազմում և արդեն հայտարարել է, որ հաջորդ ամռանը հեռանալու է լևերկուզենյան ակումբից։
Աղբյուրի փոխանցմամբ` «Բարսելոնան» կապվել է Տահի գործակալ Պինի Զահավիին և նրան հայտնել, որ ցանկանում է պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ։
«Կապտանռնագույները» արդեն այս ամռանը ցանկանում էին ձեռք բերել Տահին, բայց գործարքը չկայացավ։
Յոզուա Կիմիխի ու Մյունխենի «Բավարիայի» միջև գործող պայմանագիրը լրանում է հաջորդ ամռանը։ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը Կիմիխի հետ աշխատել է նաև «Բավարիայում» ու ցանկանում է կրկին համագործակցել նրա հետ։
«Ռեկորդ մայսթերը» պատրաստ է եղել երկարաձգել պայմանագիրը 29-ամյա ֆուտբոլիստի հետ, սակայն կողմերի բանակացություններն արդյունք չեն տվել։ Գերմանիայի ազգային հավաքականի նոր ավագի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»։
Կատալոնական ակումբի պաշտպան Ինիգո Մարտինեսի գործող պայմանագիրը լրանում է 2025 թ., իսկ Անդրեաս Քրիստենսենի, Էրիկ Գարսիայի, Ռոնալդ Արաուխոյի ու Ֆրենկի դե Յոնգի պայմանագիրը` 2026 թ. ամռանը, այդ պատճառով «Բարսելոնան» մտադիր է նոր համալրումներ ունենալ։
Ջոնաթան Տահը «Բայերի» մարզաշապիկով 357 խաղում խփել է 14 գոլ, կատարել 12 ասիստ։ Կիմիխը «Բավարիայում» անցկացրել է 393 հանդիպում` դառնալով 42 գոլի ու 104 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բայեր Լևերկուզեն, Բավարիա, Բարսելոնա, Գերմանիայի հավաքական, Հանս-Դիտեր Ֆլիկ, Յոզուա-Կիմիխ, Պինի Զահավի, Ջոնաթան Տահ, տրանսֆերներ