Բարսան ու Յուվեն, հնարավոր է, խոշոր փոխանակում իրականացնեն
Ինչպես տեղեկացնում է Calciomercato.com-ը, «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» , հնարավոր է փոխանակվեն ֆուտբոլիստներով։
Բանն այն է, որ թուրինյան ակումբը Պաուլո Դիբալայի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները դադարեցրել է։ Արգենտինացի ֆուտբոլիստը դժգոհ է «բյանկոներիների» շարքերում ունեցած իր կարգավիճակից, այդ պատճառով էլ մտադիր է փոխել ակումբային գրանցումը։
Դրան զուգահեռ, Անտուան Գրիզմանն էլ «Բարսելոնայում» մշտապես հայտնվում է քննադատությունների ալիքի տակ և աղբյուրի փոխանցմամբ, բացառված չէ, որ երկու ակումբները խոշոր փոխանակում կանեն։
Փոխանակման հարցը ներկա պահին գտնվում է սկզբնական փուլում, և ակումբների ներկայացուցիչներն այժմ քննարկում են դրա իրագործման տարբերակները։
Գործարքի իրականացումն այնքան էլ հեշտ չի լինելու, քանի որ դրա կայացման հարցում վճռորոշ դեր է խաղալու նաև կատալոնական ակումբի ավագ Լեո Մեսսին։ Եթե արգենտինացի ֆուտբոլիստը որոշի չլքել «Բարսելոնան», ապա Դիբալայի համար դժվար կլինի դաշտում իր տեղը գտնել Մեսսիի կողքին։ Այդ նույն պատճառով Դիբալան գրեթե չի խաղում նաև Արգենտինայի հավաքականում։
Բացի դրանից, ևս մեկ խոչընդոտ կարող է դառնալ Գրիզմանի աշխատավարձը, ով «Բարսելոնայում» «մաքուր» վաստակում է 18 մլն եվրո, ընդ որում, ըստ նրա պայմանագրի, ամռանը ֆրանսիացի ֆուտբոլիստի աշխատավարձն ավելանալու է ևս 3 մլն եվրոյով։
Անտուան Գրիզմանն ընթացիկ մրցաշրջանում «Բարսայի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Ինչ վերաբերում է Դիբալային, ապա 27-ամյա հարձակվողն անցկացրել է ընդամենը 16 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Հավելենք, որ ներկա պահին արգենտինացի ֆուտբոլիստը բուժվում է վնասվածքից, իսկ վերջին անգամ «Յուվեի» կազմում հանդիպման մասնակցել է սույն թվականի հունվարի 10-ին՝ Ա սերիայի 17-րդ տուրի շրջանակում «Սասուոլոյի» (3։1) դեմ հանդիպմանը՝ դաշտում անցկացնելով 43 րոպե։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Անտուան-Գրիզման, Բարսելոնա, Լա-լիգա, Յուվենտուս, Պաուլո-Դիբալա