Բարսելոնան հետաքրքրված է Ռոնալդուի ծառայություններով
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, հնարավոր է, կարիերան շարունակի «Բարսելոնայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, «բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան ու պորտուգալացի ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշն անցնող օրերին հանդիպել են։
Կողմերը քննարկել են մի շարք տրանսֆերային հարցեր։ Խոսքը Ռուբեն Նևեշի («Վուլվերհեմպտոն»), Բերնարդու Սիլվայի («Մանչեսթեր Սիթի») և Ռաֆայել Լեաուի («Միլան»)` կատալոնական ակումբ հավանական տեղափոխությունների մասին է։
Այդուհանդերձ, աղբյուրի փոխանցմամբ` Լապորտան ու Մենդեշը քննարկել են նաև Ռոնալդուի ապագայի հարցը։
Նշվում է, որ Լապորտան պատրաստ է պայմանագիր առաջարկել 37-ամյա ֆուտբոլիստին ու հետաքրքրված է նրա ծառայություններով։
«Կապտանռնագույնների» նախագահը դեռևս նախորդ ամռանն է փորձել գնել պորտուգալացի գոլահարին, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով ստիպված է եղել հրաժարվել այդ մտքից։
Հաղորդվում է, որ Ռոնալդուի նկատմամբ հետաքրքրվածությամբ «Բարսելոնան» փորձում է լուծել նաև «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի տրանսֆերի հարցը։
«Բլաուգրանայի» ղեկավարությունը հուսով է, որ Ռոնալդուի «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին տեղեկատվությունը ճնշում կգործադրի նաև «Բավարիայի» վրա, որը հրաժարվում է ընդունել «Բարսելոնայի» առաջարկները լեհ ֆուտբոլիստի տեղափոխության վերաբերյալ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ցանկանում է հեռանալ ակումբից։
Հիշեցնենք, որ 2021 թ. ամռանը պորտուգալացի ֆուտբոլիստը 12 տարի անց վերադարձավ մանկունյական ակումբի շարքեր, որի կազմում 2021/22 մրցաշրջանում անցկացրած 38 խաղում դարձավ 24 գոլի և 3 գոլային փոխանցման հեդինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Ժոան Լապորտա, Ժորժե Մենդեշ, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ, Ռոբերտ-Լևանդովսկի, տրանսֆերներ