Բարսելոնան կարող է ՈՒԵՖԱ-ից խոշոր գումար պահանջել, եթե ակումբին հեռացնեն ՉԼ-ից
«Բարսելոնայի» ապագան շարունակում է մնալ անորոշ` կապված կոռուպցիոն սկանդալի հետ։
ՈՒԵՖԱ-ն վերջերս պաշտոնապես հայտարարեց, որ նույնպես հետաքննում է այդ գործը, իսկ «բլաուգրանայի» հավանական պատիժներից մեկը շարունակում է մնալ եվրագավաթային մրցաշարերին մասնակցելու իրավունքից զրկումը։
Այդուհանդերձ, ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, «Բարսելոնան» կարող է 100 մլն եվրո պահանջել ՈՒԵՖԱ-ից, եթե ակումբին հեռացնեն Չեմպիոնների լիգայից։
Աղբյուրի փոխանցմամբ` կատալոնական ակումբը նման զարգացման դեպքում իրավունք կունենա դիմել դատարան և պահանջել փոխհատուցում կազմակերպությունից։
Նշվում է, որ 100 մլն եվրո գումարը հիմնված է «կապտանռնագույնների»` Չեմպիոնների լիգայում յուրաքանչյուր մրցաշրջանի եկամտի վրա։
Բացի դրանից, այն ներառում է նաև հովանավորներից կամ ապրանքային այլ եկամուտների հետ կապված հավանական վնասները, որոնք ակումբը կկրի ՈՒԵՖԱ-ի որոշման հետևանքով:
Հատկանշական է, որ նախքան Կատալոնիայի դատարանի վճիռը, ՈՒԵՖԱ-ն որևէ իրավական հիմք չունի «Բարսելոնային» պատժելու համար։ Հակառակ դեպքում «բլաուգրանան» իրավունք ունի դիմել դատարան և պահանջել վերացնել ՈՒԵՖԱ-ի սահմանած պատժամիջոցները։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» լուրջ սկանդալի մեջ է հայտնվել։ Հավաստի տեղեկություններ կան, որ ակումբը 2001-18 թթ. ընթացքում 6.6 մլն եվրո է վճարել DANSIL 95 խորհրդատվական ընկերությանը, որը պատականում է Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային, ով այդ ժամանակ զբաղեցրել է նաև Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարների տեխնիկական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը։
Այժմ այդ գործը դատարանում է, որը քննում է Կատալոնիայի դատախազությունը։ Մեղադրանք է առաջադրված «բլաուգրանայի» նախկին նախագահներ Սանդրո Ռոսելին և Խոսեպ Մարիա Բարտոմեուին, ինչպես նաև մի շարք այլ ֆուտբոլային չինովնիկների։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Dansil 95, Բարսելոնա, Խոսե Մարիա Էրիկսեն Նեգրեյրա, ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա