Բարսելոնան բանակցում է Դեպայի հետ. մանրամասներ են հայտնի դարձել
«Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, կատալոնական ակումբը բանակցություններ է վարում 27-ամյա ֆուտբոլիստի հետ։
Դեպայի տեղափոխությունը «Բարսելոնա» մեծապես կախված էր Ռոնալդ Կումանի` ակումբում մնալու հետ։
Այժմ հայտնի է, որ 58-ամյա մասնագետը նվազագույնը ևս մեկ մրցաշրջան շարունակելու է մարզել կատալոնական ակումբը, իսկ Դեպայի տեղափոխությունն ավելի իրատեսական է դարձել։
Մեկ այլ ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ հայտնում է, որ հոլանդացի ֆուտբոլիստն արդեն համաձայնության է հասել «կապտանռնագույնների» հետ։
Սկիրան Twitter-ի իր միկրոբլոգի միջոցով հայտնել է, որ Դեպայը «բլաուգրանասի» հետ կնքելու է 3 տարվա պայմանագիր` տարեկան 5 մլն եվրո աշխատավարձով, որին կավելանան նաև տարբեր բոնուսներ, իսկ պաշտոնական հայտարարությունը կլինի առաջիկա օրերին։
Հատկանշական է, որ Մեմֆիս Դեպայը «Բարսելոնայի» շարքերը կհամալրի անվճար, քանի որ սույն թվականի հունիսի 30-ից հետո դառնալու է ազատ գործակալ։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» արդեն հայտարարել է, որ պայմանագիր է կնքել Սերխիո Ագուերոյի և Էրիկ Գարսիայի հետ, իսկ Էմերսոն Ռոյալին վարձավճարից հետ է վերադարձրել «Բետիսից»։ Կատալոնացիները բանավոր համաձայնություն ունեն նաև «Լիվերպուլի» կիսապաշտպան Ժորժինիո Վեյնալդումի հետ, ով Եվրո-2020-ի ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Բարսելոնա»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էմերսոն Ռոյալ, Էրիկ Գարսիա, Ժորժինիո Վեյնալդում, Մեմֆիս Դեպայ, Նիկոլո Սկիրա, Ռոնալդ Կուման, Սերխիո-Ագուերո, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո