Փոփոխությունների ակնկալիքով․ Ովքե՞ր են Բարսայի նախագահի թեկնածուներն ու ի՞նչ ծրագրեր են առաջ քաշել
Այսօր՝ մարտի 7-ին, տեղի են ունենում «Բարսելոնայի» նախագահական ընտրությունները։ Դրանք պետք է կայանային դեռևս հունվարի 24-ին, սակայն կորոնավիրուսի համաճարակի ոչ բարվոք վիճակի պատճառով այն հետաձգվեց։
Քվեարկելու իրավունք ունեն միայն «Բարսելոնայի» պաշտոնական անդամական քարտ ունեցող անձինք՝ սոսիոները, որոնք ամբողջ աշխարհում կազմում են 110290 հոգի, որոնցից 20663-ն արդեն քվեարկել են էլեկտրոնային տարբերակով։ Հավելենք, որ Հայաստանից ընտրելու իրավունք ունի միայն սպորտային մեկնաբան, «Պրոֆֆուտբոլ» հաղորդաշարի հեղինակ և վարող Սենիկ Կարա-Պողոսյանը։
Ինչպես գիտեք, «Բարսայի» նախագահական ընտրությունների վերջին փուլին մասնակցում են երեք թեկնածուներ՝ Ժոան Լապորտան, Վիկտոր Ֆոնտն ու Տոնի Ֆրեյշան։
Նախքան թեկանծուներին առանձին-առանձին անդրադառնալը, ցանկանում ենք առանձնացնել այն խնդիրները, որոնք թեկնածուներից յուրաքանչյուրը հաղթանակի դեպքում, անկախ ամեն ինչից, պետք է լուծի.
- Ակումբին դուրս բերել ֆինանսական ճգնաժամից
- Ակումբի համար բարենպաստ պայմաններով երկարաձգել պայմանագիրը Լեո Մեսսիի հետ
- Վերակառուցել «Նոու Կամպ» մարզադաշտը կամ լրիվ նոր մարզադաշտ կառուցել
- Համաշխարհային ասպարեզում վերականգնել ակումբի սասանված հեղինակությունը
- Մեծ ուշադրություն դարձնել ակումբի մարզադպրոցից` «Լա մասիայից» դուրս եկած սաներին
- Վերացնել արատավոր բարքերն ու պայքարել կոռուպցիոն բոլոր ռիսկերի դեմ, որոնք ձևավորվել էին նախկին նախագահ Խոսե Մարիա Բարտոմեուի օրոք
- Շարժվել ժամանակակից պահանջներին համապատասխան
«Բարսելոնայում» ծառացած խնդիրները շատ-շատ են, իսկ վերոնշյալներն ամենից կարևորներն են, որոնք նոր նախագահը պարտավոր է լուծել, քանի որ «բլաուգրանասի» «ավելին, քան ակումբ» կարգախոսը հսկայական արագությամբ գլորվում է դեպի անդունդ։
Այժմ անդրադառնանք թեկնածուներից յուրաքանչյուրին և ներկայացնենք նրանց առաջ քաշած ծրագրերը։
Ժոան Լապորտա
Ժոան Լապորտան այս ընտրությունների ֆավորիտն է, քանի որ նա նախ ակումբի նախագահի պաշտոնը զբաղեցնելու փորձ արդեն ունի (2003-2010թթ․), ինչպես նաև ներկա պահին էլ հսկայական աջակցություն ունի սոսիոների կողմից։
Ընտրություններին մասնակցելու համար Լապորտան երեք թեկնածուների շրջանակում հավաքեց բոլորից շատ ստորագրություն՝ 10257։
58-ամյա ֆունկցիոներն արդեն երրորդ անգամ է մասնակցելու ակումբի նախագահական ընտրություններին։ Նա 2003-ին ընտրվել է նախագահ, 2015-ի ընտրություններում պարտվել է Խոսեպ Մարիա Բարտոմեուին, իսկ երրորդ փորձը 2021-ին է։
Հատկանշական է, որ 1978 թվականից ի վեր, Ժոան Լապորտան եղել է «Բարսելոնայի» միակ նախագահը, ում նկատմամբ դատական գործ չի հարուցվել։
Ֆինանսական տեսանկյունից Լապորտան առաջարկել է հետևյալ ծրագիրը․
- Ակտիվ երկխոսության մեջ մտնել հովանավորների հետ։ Լապորտան մտադիր է դրա շնորհիվ 3 տարվա ընթացքում «Բարսեոնայի» եկամուտն ավելացնել 250 մլն եվրոյով։ «Բարսելոնան» ոչ ավել, ոչ պակաս 35 ոլորտում չունի որևէ հովանավոր։
- Ստեղծել պարտատոմսեր։ Պարտատոմսեր ձեռքբերողները որոշ արտոնություններ կստանան։ Լապորտան մտադիր է մինչև 2023 թվականը վաճառված պարտատոմսերի շնորհիվ զգալիորեն նվազեցնել ակումբի պարտքը, որը ներկա պահին կազմում 1․2 մլրդ եվրո։
- «Espai Barca» ծրագրի իրագործում, որն իր մեջ ներառում է «Նոու Կամպ» մարզադաշտի վերակառուցում, որը պետք է տեղավորի մինչև 105 հազար հանդիսական, մարզադաշտի ունակությունների ավելացում։ Նախատեսվում է մարզադաշտի մեջ բացել բազմաթիվ ռեստորաններ և սրճարաններ, որպեսզի ցանկացողները խաղը դիտեն հենց այնտեղ։ Մարզադաշտ մուտք գործելը կդառնա ավելի հեշտ, ինչպես նաև ներսում պետք է գործի վերելակ։ Ըստ Լապորտայի՝ այս ամենն իրագործելու համար անհրաժեշտ կլինի 600 մլն եվրո, և քանի որ թոփ ակումբներն իրենց եկամտի 25 %-ը ստանում են հենց մարզադաշտից, ապա «Նոու Կամպ»-ի արդիականացմանը լուրջ տեղ է տրվելու։
Ժոան Լապորտայի տեսակետը Լեո Մեսսիի հետ կապված իրավիճակի շուրջ
«Լեոն գիտի, որ ես կկատարեմ բոլոր խոստումներս և կարծում եմ, որ Մեսսին պետք է կարիերան ավարտի «Բարսելոնայում»։
Ցանկանում եմ՝ 2024 թվականին նոր «Նոու Կամպ» մարզադաշտում Լեո Մեսսիի հետ նշել ակումբի հիմնադրման 125-րդ տարեդարձը»,- նշել է Լապորտան։
Վերջերս Լապորտան հայտարարել է նաև, որ Մեսսին մնալու է ակումբում, եթե ինքն ընտրվի և կհեռանա, եթե այլ թեկնածու ընտրվի նախագահի պաշտոնում, սակայն դեռևս պարզ չէ, թե 58-ամյա ֆունցկիոներն ինչպես է պատրաստվում բավարարել արգենտինացի ֆուտբոլիստի ֆինանական պահանջները։
Լապորտան կարծես թե հույսը դրել է այն բանի վրա, որ հիանալի հարաբերություններ ունի 33-ամյա ֆուտբոլիստի հետ։
Լապորտայի մարզական նախագիծը
Ժոան Լապորտայի հիմնական նպատակն է վերականգնել «Բարսելոնայի» գաղափարախոսությունը՝ «Կրոյֆիզմը» և ակումբի նախկին խաղաոճը, որը մշտապես դավանել է «բլաուգրանասը»։
«Ես առաջնահերթություն եմ տալու «Բարսայի» մշակույթի, փիլիսոփայությանն ու խաղաոճի վերականգնմանը, քանի որ «Բարսելոնան», իսպակես, ավելին է, քան ակումբ։ «Բարսան» ինստիտուտ է, գաղափարախոսություն, երկիր, դեմոկրատիա»,- իր նախաընտրական արշավի ժամանակ նշել է 58-ամյա ֆունցկիոները։
Վիկտոր Ֆոնտ
Վիկտոր Ֆոնտը Ժոան Լապորտայից հետո ընտրություններում համարվում է երկրորդ ֆավորիտը, քանի որ նրանից հետո ամենաշատ ստորագրություններ հավաքեց՝ 4710։
Ֆոնտը մշտապես կապված է եղել «Բարսելոնայի» հետ։ Նա 2010 թվականի նախագակահան ընտրություններում իր աջակցությունն է հայտնել թեկնածու Մարկ Ինգլային, իսկ 2015-ին հայտարարեց, որ չի դնում իր թեկնածությունը, սակայն խոստացավ սկսել նախագիծ և վերադառնալ ավելի հզոր։ Այդպես էլ եղավ։
Ֆոնտը կատալոնացի ձեռնարկատեր է, նա Delta Partners միջազգային ընկերության համահիմնադիրներից է։ Ըստ նրա խոսքերի՝ արդեն 6 տարի է պատրաստվում է այս ընտրություններին։
Ֆոնտն ընտրվելու դեպքում ֆինանսական տեսանկյունից պատրաստվում է իրականացնել հետևյալ քայլերը․
- Սկսել 100-օրյա աուդիտ, ինչը թույլ կտա ակումբին վերափոխել ծախսերը և վճարել կարճաժամկետ պարտքը, որը կազմում է 730 մլն եվրո։ Ֆոնտը կգնա այդ քայլին, որպեսզի հաջորդ ամռանը «Բարսելոնան» ստիպված չլինի հայտնվել վաճառականի դերում՝ վաճառելով իր ֆուտբոլիստներին։
- Ֆոնտը ակումբի ֆինանսական վիճակը կայունացնելու համար ևս մեկ տարբերակ ունի․ նա սկսելու է համագործակցել սննդի առաքման հանրահայտ ծառայության՝ Food Haven ընկերության հիմնադիր Կարոլինա Ֆաբերգատի հետ, ով էլ հենց օգնել է Ֆոնտին կազմել իր նախընտրական ծրագիրը։ Ըստ Ֆոտնի՝ այդ դեպքում ակումբը կստանա 100-200 մլն լրացուցիչ եկամուտ։
- Ֆոնտը ակումբի ֆինանսական կայունացման հարցում պատրաստվում է ներգրավել նաև «Բարսելոնայի» երկրպագուներին։ Նա մտադիր է մոտ 400 մլն եկրպագուի առանց միջնորդի վաճառել տարբեր ծառայություններ՝ շեշտը դնելով առևտրի, սննդի և կիբերսպորտի վրա։ Այսինքն, երկրպագուները, գնելով այդ ծառայությունները, մի շարք արտոնություններ կստանան «Բարսելոնայի» հետ կապված առևտրի, սննդի և կիբերսպորտի ոլորտներում։
- Ֆոնտի ընկերությունը՝ Delta Partners-ը, համագործացկում է մի շարք այլ ընկերությունների հետ, ինչպիսիք են Palex Medical, Trovit, Glovo, Wine in Social, Grupo Uriach և այլ ընկերություններ։ Ֆոնտը մտադիր է խորացնել այդ ընկերությունների հետ համագործացկությունը, ինչը թույլ կտա ֆինանսական առումով «Բարսելոնայի» գործերը բարձրացնել գոնե զրոյական կետի։
Վիկտոր Ֆոնտի տեսակետը Լեո Մեսսիի հետ կապված իրավիճակի շուրջ
Վիկտոր Ֆոնտը Լեո Մեսսիին համարում է «Բարսելոնայի» ամենաառանցքային դեմքը ինչպես դաշտում, այնպես դրանից դուրս։
«Եթե ընտրվեմ, հենց մարտի 8-ին կզանգահարեմ Լեո Մեսսիին՝ ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստին՝ քննարկելու նոր պայմանագրի կետերը։ Առանց Մեսսիի չեմ պատկերացնում ակումբը»,- ասել է Ֆոնտը։
48-ամյա մասնագետը կարծում է, որ արգենտինացի ֆուտբոլիստը կմնա «Բարսելոնայում», եթե ակումբ վերադառնա Խավին, քանի որ լեգենդները բավական մտերիմ հարաբերություններ ունեն։
Այս հարցում կարևոր հակաթեզիս կա․ Խավին այս ընթացքում երբեք հանրության առջև բարձրաձայն չի հայտարարել, որ Ֆոնտի ընտրության դեպքում պատրաստվում է դառալ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ, իսկ Ռոնալդ Կումանը, միանշանակ, հեշտ չի հանձնվելու, քանի որ նրա խոսքը «բլաուգրանասի» ներքին խոհանցում անչափ հարգված է։
Վիկտոր Ֆոնտի մարզական ծրագիրը
«Խավիի հետ ավելի հաճախ եմ խոսում, քան կնոջս»,- վերջերս Ֆոնտը նշեց իր նախընտրական ելույթներից մեկի ժամանակ։
Ինչպես հասկացաք, Վիկտոր Ֆոնտը շեշտը դնելու է Խավիին «Բարսելոնա» վերադարձնելու վրա։ Ֆոնտի հաղթանակի դեպքում սպասվում է, որ 41-ամյա մարզիչը, ով ներկա պահին բավական հաջողությամբ մարզում է Քաթարը ներկայացնող «Ալ Սադ» ակումբը, դառնալու է «Բարսելոնայի» գլխավոր մենեջեր, իսկ Յոհան Կրոյֆի որդին՝ Յորդի Կրոյֆը՝ ակումբի մարզական տնօրեն, իսկ եթե մրցաշրջանն անհաջող դասավորվի Ռոնալդ Կումանի համար, ապա գլխավոր մարզչի պաշտոնում հաջորդ մրցաշրջանից սկսած կտեսնենք հենց Խավիին։
Ֆոնտը, իրոք, իր ընտրազանգվածին փորձում է գերել մեծ խոստումներ տալով։ Այդ խոստումներից կարելի է համարել առանձնացնել, օրինակ, Լեո Մեսսի-Խավի-Պեպ Գվարդիոլա եռյակի վերամիավորումը։
Ֆոնտը մտադիր է նաև մի շարք փոփոխություններ կատարել «Բարսայի» հիերարխիկ համակարգում՝ ստեղծելով նոր պաշտոն՝ մարզական տնօրենի խորհրդական, որը դառնալու է Խուլի Լոպեսը։
Տոնի Ֆրեյշա
Տոնի Ֆրեյշան մասնակգիտությամբ փաստաբան է և «Բարսելոնայի» կառավարման համակարգում աշխատելու հարուստ փորձ ունի, քանի որ աշխատել է ինչպես Ժոան Լապորտայի, այնպես էլ Սանդրո Ռոսելի և Խոսեպ Մարիա Բարտոմեուի թիմերում։
Նա 2015 թվականին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ առաջադրել էր իր թեկնածությունը, սակայն պարտվեց Բարտոմեուին։
Ֆրեյշան երեք թեկնածուներից ամենաքիչ աջակցությունն ունի։ Վերջնական ընտրություններին մասնակցելու համար նա հավաքեց ընդամենը 2821 ստորագրություն և ֆավորիտի կարգավիճակում միանշանակ զիջում է ինչպես Լապորտային, այնպես էլ՝ Ֆոնտին։
Տոնի Ֆրեյշայի ֆինանսական ծրագիրը
- Ֆրեյշան ակումբի ֆինանսական վիճակը կարգավորելու համար մտադիր է նվազեցնել «Բարսելոնայի» գրեթե բոլոր ծախսերը, մասնավորապես, խոսքը աշխատավարձերի և տրանսֆերային բյուջեի մասին է։ Տոնին Կարծում է, որ խաղացողների վրա ներդրումներ կատարելը չի տալիս որևէ արդյունք։
- «Espai Barca» նախագածի արագացված իրականացում։ Ինչպես մյուս երկու թեկնածուները, այնպես էլ Ֆրեյշան մտադիր է արագացված տարբերակով իրականացնել «Նոու Կամպ» մարզադաշտի և դրան հարող տարածքների վերակառուցման և արդիականացման գործընթացը։ Ըստ նրա՝ «Espai Barca» նախագծի իրագործումն ակումբն ավելի գրավիչ կդարձնի ներդրողների աչքին։
- Ֆրեյշան մտադիր է առավելագույնի հասցնել «Բարսելոնայի» խաղային մարզաշապիկներից ստացվող հովանավորչական գումարները, ինչպես նաև հնարավորություն ստեղծել վաճառել մարզումային մարզաշապիկների հովանավորությունը, այսինքն, դրանց վրա նույնպես պետք է լինի տիտղոսային հովանավոր։
- Ֆրեյշան նշել է, որ չի հավատում տնտեսական հրաշքի, որն ակումբին կբերի մոտ 700 մլն եվրո, այդ պատճառով էլ նրա ֆինանսական ծրագիրը սահմանափակվում է միջոցների օգտագործման ռացիոնալացմամբ, իսկ ավելի կոնկրետ՝ աշխատավարձերի բյուջեի կրճատմամբ։
Տոնի Ֆրեյշայի տեսակետը Լեո Մեսսիի հետ կապված իրավիճակի շուրջ
Երբ 2020 թվականի ամռանը Լեո Մեսսին պաշտոնապես հայտարարեց, որ ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից», Տոնի Ֆրեյշան այն քիչ մարդկանցից մեկն էր, ով կողմ էր ագենտինացի ֆուտբոլիստի հեռանալուն և պաշտպանում էր հենց Խոսեպ Մարիա Բարտոմեուին։
Տոնիի մի շարք նախընտրական հայտարարություններից կարելի է ենթադրել, որ նա ընտրվելու դեպքում չի շտապելու նոր պայմանագիր առաջարկել արգենտինացի ֆուտբոլիստին։ Ըստ նրա՝ ակումբն արդեն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն․
«Եթե ընտրվեմ նախագահ, ես և իմ թիմը կուսումնասիրենք բոլոր ռիսկերը։ Չեմ ցանկանում ուղիղ ասել, որ Մեսսիի հետ նոր պայամանգիր ակումբը չի կնքելու իմ ընտրվելու դեպքում, բայց «Բարսելոնայի» տարեկան եկամուտը նվազել է 300 մլն եվրոյով, իսկ ֆինանսական վիճակը կտրուկ փոխվել է»,- նշել է Ֆրեյշան։
Ամեն դեպքում, Տոնի Ֆրեյշան Լեո Մեսսիի հարցում ոչինչ չի բացառում.
«Կարծում եմ՝ Լեո Մեսիին գիտակում է, թե ինչ վիճակում է «Բարսելոնան»։ Հուսով եմ՝ նա ակումբն ամեն ինչից վեր է դասում»,- վերջերս նշել է Տոնի Ֆրեյշան, սակայն դժվար է հասկանալ, թե ինչ է նա ակնարկում այս տողերով։ Նա հավելել է, նաև որ ընտրվելու դեպքում գիտի, թե ինչ է անելու Մեսսիի հարցում։
Տոնի Ֆրեյշայի մարզական ծրագիրը
Տոնի Ֆրեյշան նախագահ ընտրվելու դեպքում վերականգնելու է ակումբի հին ավանդույթները։ Այսինքն՝ «Բարսելոնայի» հիմնական գաղափարախոսությունը կառուցվելու է «Լա Մասիայի», տիկի-տակայի և «Նոու Կամպ» մարզադաշտի շուրջ, սակայն, ինչպես հասկացաք, նրա ընտրվելու դեպքում մեծ է նաև հավանականությունը, որ Լեո Մեսսին կհեռանա ակումբից։
Բացի դրանից, Ֆրեյշան և նրա հավատարիմ գործընկեր Լուիս Կառերասը երբեք չեն սիրել Նեյմարին և կտրականապես դեմ են բրազիլացու վերադարձին կատալոնական ակումբ։ Այս երկու կետերը, միանշանակ, նվազեցնում են Ֆրեյշայի՝ նախագահ ընտրվելու հավանականությունը։
Ի վերջո, ո՞վ կընտրվի «Բարսելոնայի» նախագահ
Կարծում ենք՝ նախագահ կընտրվի Ժոան Լապորտան՝ հաշվի առնելով նրա հեղինակությունը, աջակցությունը, որը նա ստանում է, ինչպես նաև հիանալի ժամանակաշրջանկը, որը նրա օրոք տեսել է «Բարսելոնան»։
Հենց Լապորտայի օրոք «Բարսելոնան» սկսեց հասնել փառքի գագաթնակետին։ Լապորտան ձեռք բերեց Ռոնալդինիոյին, իսկ գլխավոր մարզչի պաշտոնում տարբեր տարիների նշանակեց Ֆրանկ Ռայկարդին և Պեպ Գվարդիոլային։ Նրա օրոք «Բարսայում» իր նորամուտը նշեց Լեո Մեսսին, իսկ ակումբը Լապորտայի գլխավորությամբ նվաճեց 12 տիտղոս, այդ թվում՝ 2006 և 2009 թվականներին հաղթելով Չեմպիոնների լիգան։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժոան Լապորտա, Լեո Մեսսի, Խոսեպ Մարիա Բարտոմեու, Վիկտոր Ֆոնտ, Տոնի Ֆրեյշա