Ֆանտաստիկ խաղ Մյունխենում․ Կիլիան Մբապեն կրկին շոկի ենթարկեց բոլորին🎥
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունեց ՊՍԺ-ին։
Հանդիպման արդեն 3-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո մյունխենյան ակումբի ֆուտբոլիստները քիչ մնաց բացեին խաղի հաշիվը, սակայն Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգի գլխով կատարած հարվածից հետո «Փարիզին» փրկեց դարպասաձողը։
Այդ դրվագում փարիզեցիները նետվեցին հակագրոհի, ինչի արդյունքում Նեյմարը հարվածային դիրք դուրս բերեց Կիլիան Մբապեին, ով էլ դիպուկ հարվածով առաջ մղեց հանդիպման հյուրերին։
12-րդ րոպեին Մաուրիսիո Պոչետինոյի թիմը ևս մեկ գնդակ ուղարկեց Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը, սակայն Յուլիան Դրաքսլերի խփած գոլը հանդիպման գլխավոր մրցավար Անտոնիո Մատեո Լաոսը չեղարկեց, քանի որ գոլային գրոհի ժամանակ Կիլիան Մբապեն եղել էր խաղից դուրս վիճակում։
Ընդհանրապես, բաց թողած գոլից հետո «Բավարիան» տիրել էր նախաձեռնությանը և պաշարել էր մրցակցի տուգանային հրապարակը՝ ստեղծելով բազում գոլային պահեր։
Տանտերերը վտանգավոր գրոհը մեկը մյուսի հետևից էին անցկացնում, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին Լեոն Գորեցկան, Թոմաս Մյուլլերը, Բենջամեն Պավարը. բոլոր դրվագներում փայլեց ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը։
Այդ դրվագներից հետո գործեց ֆուտբոլում գործող չգրված օրենքներից մեկը․ չես խփում դու, խփում են քեզ։ «Պարի Սեն-Ժերմենի» ֆուտբոլիստները, պարզապես, կատարյալ էին օգտվում «Բավարիայի» պաշտպանության թերացումներից և 28-րդ րոպեին կրկնապատկեցին իրենց առավելությունը․ անկյունայինի խաղարկումից հետո հյուրերի գրոհը երկրորդ տեմպ ստացավ, ինչից հետո Նեյմարը հիանալի փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Մարկինիոսին, ով էլ մոտ տարածությունից հաշիվը դարձրեց արդեն 0։2։
«Բավարիայի» գրոհները վերջապես տվեցին իրենց արդյունքը, քանի որ 37-րդ րոպեին Պավարի աջ եզրից կատարած փոխանցումից հետո Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը գլխի դիպուկ հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը՝ այն դարձնելով 1։2։
Առաջին կեսում այլևս գոլեր չտեսանք, սակայն, պետք է նշենք, որ Հանսի Ֆլիկի թիմի առավելությունն այնքան ակնհայտ էր, որն արտահայտվել է նաև թվերի տեսքով։
Առաջին կեսում «Բավարիան» գնդակին տիրում էր ժամանակի 60%-ը, կատարել է 15 հարված, որոնցից 6-ը եղել են դիպուկ, իրացրել է 9 անկյունային հարված, ինչպես նաև անցկացրել է 52 վտանգավոր գրոհ, իսկ ՊՍԺ-ն կատարեց միայն 2 հարված, որոնք էլ վերածվեցին գոլի։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում Պոչետինոյի թիմը քիչ էր մնում վերականգներ երկու գնդակի առավելությունը, սակայն մոտ տարածությունից վրիպեց Նեյմարը։
Այդ դրվագից հետո տանտերերը կրկին տոտալ անհավանական առավելություն ստացան․ «Բավարիայի» ֆուտբոլիստները, պարզապես, որևէ հնարավորություն չէին տալիս մրցակցին, իսկ որոշ դրվագներում ՊՍԺ-ն նույնիսկ չէր կարողանում դուրս գալ սեփական տուգանային հրապարակից։
Ակնհայտ էր, որ գոլը հասունանում է և 60-րդ րոպեին «Բավարիայի» ֆուտբոլիստները հավասարեցրին հաշիվը․ տուգանային հարվածի խաղարկումից հետո Թոմաս Մյուլլերը գլխի դիպուկ հարվածով գրավեց Նավասի դարպասը՝ եզրափակելով Յոզուա Կիմիխի փոխանցումը։
Խփած երկրորդ գոլից հետո խաղը կարծես հանդարտվեց մի փոքր, ինչից անմիջապես օգտվեցին ՊՍԺ-ի ֆուտբոլիստները, ովքեր 67-րդ րոպեին նետվեցին հակագրոհի և Կիլիան Մբապեի ջանքերով կրկին հաշվի մեջ առաջ անցան, ով այս խաղում դարձավ դուբլի հեղինակ։
22-ամյա հարձակվողը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում խփեց իր 8-րդ գոլը և ամրապնդվեց լավագույն ռմբարկուների երկրորդ հորիզոնականում։ Հավելենք, որ լավագույն ռմբարկուն ներկա պահին «Բորուսիա Դորտմունդի» գոլահար Էրլինգ Հալանդն է, ում ակտիվում կա 10 գոլ։
Բաց թողած երրորդ գոլը կարծես թևաթափ արեց մյունխենյան ակումբի ֆուտբոլիստներին, ովքեր որոշ ժամանակ չէին կարողանում վտանգավոր գրոհներ ստեղծել մրցակցի դարպասի ուղղությամբ։
«Բավարիան», ամեն դեպքում, վերջնամասում ակտիվացավ, կրկին ստեղծեց մի շարք գոլային պահեր, սակայն ՊՍԺ-ն դիմացավ՝ պահպանելով հաղթական հաշիվը։
Այսպիսով, ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 3։2 հաշվով ծանր հաղթանակ տարավ «Բավարիայի» նկատմամբ։
Կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 13-ին՝ Փարիզում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո Մատեո Լաոս, Բավարիա, Բենջամեն Պավար, Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգ, Թոմաս Մյուլլեր, Կեյլոր-Նավաս, Կիլիան-Մբապե, Հանս-Դիտեր Ֆլիկ, Մաուրիսիո-Պոչետինո, Մարկինիոս, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ