Բավարիան շատ մոտ է նոր գլխավոր մարզիչ նշանակելուն
Մյունխենի «Բավարիայի» հաջորդ գլխավոր մարզիչը, ամենայն հավանականությամբ, լինելու է Ռալֆ Ռանգնիկը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ մյունխենյան ակումբը 65-ամյա մասնագետի տեղափոխության հարցում շատ մոտ է Ավստրիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ վերջնական համաձայնության հասնելուն. Ռանգնիկն այժմ մարզում է այդ երկրի ազգային հավաքականը, որի ղեկին մասնակցելու է Եվրո-2024-ին։
Կողմերը բավական հաջող բանակցություններ են վարում։ Սպասվում է, որ մոտ ժամանակներս այն կստանա տրամաբանական հանգուցալուծում, ու Ռանգնիկը 2024/25 մրցաշրջանից կդառնա «Բավարիայի» նոր գլխավոր մարզիչը։
Ավստրիայի ֆուտբոլի ֆեդերացիան չի պատրաստվում խնդիրներ ստեղծել Ռանգնիկի համար։ Մեծ հավանականությամբ` «Բավարիան» արդեն առաջիկա օրերին կկարողանա պաշտոնապես հայտարարել նոր գլխավոր մարզչի նշանակման համար։
Գերմանացի մարզիչը ցանկանում է «ռեկորդ մայսթերի» ղեկավարության հետ քննարկել իր գործառույթները։ Նա մտադիր է իմանալ նաև, թե որքան է ներգրավված լինելու տրանսֆերային շուկայում` թիմի համալրումների և հեռացող ֆուտբոլիստների հարցում։
Ինքը` Ռանգնիկը, նպատակ է ունեցել Եվրո-2024-ի ավարտից հետո վերադառնալ ակումբային ֆուտբոլ։
Ռալֆ Ռանգնիկն առավել հայտնի է ավստրիական «Ռեդ Բուլ» ընկերությանը պատկանող տարբեր ակումբներում աշխատելու շնորհիվ։ Նա 2012-19 թթ. զբաղեցրել է «Լայպցիգի», համատեղությամբ` 2012-15 թթ.` «Զալցբուրգի» սպորտային տնօրենի պաշտոնը։ Այնուհետև 2019-20 թթ. բրազիլական «Բրագանտինայում», ամերիկյան «Նյու-Յորք Ռեդ Բուլում» և «Լայպցիգում» եղել է միջազգային հարաբերությունների գծով տնօրեն։ Ռուսական Մոսկվայի «Լոկոմոտիվում» էլ 2021 թ. աշխատել է որպես գործադիր տնօրեն։
Որպես գլխավոր մարզիչ` Ռանգնիկն աշխատել է «Շտուտգարտում» (1990-92 և 1999-01 թթ.), «Ռոյթլինգենում» (1995-96 թթ.), «Ուլմ 1846»-ում (1997-99 թթ.), «Հանովերում» (2001-04 թթ.), «Շալկե 04»-ում (2004-05 թթ. և 2011 թ. մարտ-սեպտեմբեր), «Հոֆֆենհայմում» (2006-11 թթ.), «Լայպցիգում» (2015-16 և 2018-19 թթ.)։ 2021 թ. դեկտեմբերից 2022 թ. հունիս եղել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար։ 2022 թ. հունիսից զբաղեցնում է Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։
Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանի ավարտին Թոմաս Տուխելը լքելու է «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ավստրիայի հավաքական, Ավստրիայի ֆուտբոլի ֆեդերացիա, Բավարիա, Բրագանտինո, Զալցբուրգ, Թոմաս ՏՈւխել, Լայպցիգ, Ռալֆ Ռանգնիկ, Ռեդ Բուլ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո