Բավարիան կրկին հաղթեց ՊՍԺ-ին` դուրս գալով ՉԼ 1/4 եզրափակիչ🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց ՊՍԺ-ի դեմ։
Դիմակայության առաջին խաղում մյունխենյան ակումբը հյուրընկալվելիս հաղթել էր 1:0 հաշվով։
Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա առաջին խաղակեսն անցավ բավական սակավաթիվ գոլային պահերով։
Նախաձեռնությունը հիմնականում «Բավարիայի» ձեռքում էր, սակայն առաջին կեսի ամենաիրական պահն ունեցան հյուրերը, երբ 37-րդ րոպեին մյունխենյան ակումբի դարպասապահ Յան Զոմերը կոպիտ սխալ թույլ տվեց, ինչից հետո ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինիան փորձեց գրավել անպաշտպան դարպասը, բայց նրա հարվածից հետո Մաթիյս դե Լիխտը գնդակը հեռացրեց դարպասային գծի վրայից։
Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսը մեկնարկեց Յուլիան Նագելսմանի սաների առավելությամբ, ովքեր մեծ ճնշում էին գորադրում Ջանլուիջի Դոնարումայի պաշատպանած դարպասի ուղղությամբ, ինչն էլ տվեց իր արդյունքը։
52-րդ րոպեին «Բավարիայի» հերթական գրոհներից մեկն ավարտվեց Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգի գոլով, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Դանիելե Օրսատոն խաղից դուրս իրավիճակի պատճառով չարձանագրեց դարպասի գրավումը։
Այդուհանդերձ, տանտերերի գրոհների ալիքը չմարեց, ինչի արդյունքում 61-րդ րոպեին կամերունցի հարձակվողն, ի վերջո, խփեց իր գոլն ու բացեց հաշիվն` առաջ մղելով «Բավարիային»։
Բաց թողած գոլից անմիջապես հետո փարիզյան ակումբը շատ արագ կարող էր վերականգնել հաշիվը, սակայն 64-րդ րոպեին Սերխիո Ռամոսի գլխով կատարած հարվածից հետո հիասքանչ սեյվ կատարեց «Բավարիայի» դարպասապահ Յան Զոմերը։
Այդ դրվագից հետո էլ առավելությունը հիմնականում Քրիստոֆ Գալտիեի թիմի կողմն էր, սակայն «Բավարիան» անձնուրաց էր պաշտպանվում, իսկ խաղավերջում` 90-րդ րոպեին, նետվեց կայծակնային հակագրոհի, որն էլ եզրափակեց Սերժ Գնաբրին ու դրեց հանդիպման վերջակետը։
Այսպսիով, «Բավարիան» այս խաղում հաղթեց 2:0, իսկ ընդհանուր դիմակայությունում` 3:0 հաշվով և դուրս Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգ, Մաթիաս դե Լիխտ, Յան Զոմեր, Յուլիան Նագելսման, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Սերժ Գնաբրի, Սերխիո-Ռամոս, Քրիստոֆ Գալտյե