Վերդերը որևէ խնդիր չստեղծեց Բավարիայի համար🎥

Վերդերը որևէ խնդիր չստեղծեց Բավարիայի համար🎥

13/03/2021 - 20:30

Գերմանական Բունդեսլիգայի 25-րդ տուրի շրջանակում առաջատար «Բավարիան» արտագնա խաղում մրցեց «Վերդերի» դեմ։

Առաջին խաղակեսում բոլոր առուներով, ինչպես և ակնկալվում էր, առավելությունը «Բավարիայի» կողմն էր, որոնք 10 հարված կատարեցին մրցակցի դարպասին, որից երկուսը դիպուկ էին և գոլային։

Հանդիպման 22-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո հանդիպման հաշիվը գլխի դիպուկ հարվածով բացեց Լեոն Գորեցկան։

Գոլից հետո Հանսի Ֆլիկի սաները շարունակեցին ճնշումը և երկրորդ գնդակը խփեցին արդեն 35-րդ րոպեին։ Գոլն իր անվան դիմաց գրանցեց Սերժ Գնաբրին։ Հատկանշական է, որ գոլային երկու դրվագներում էլ արդյունավետ փոխանցումներով աչքի ընկավ Թոմաս Մյուլլերը՝ դառնալով դուբլ հեղինակ։

Երկրորդ խաղակեսը կրկին ակտիվ սկսեցին մյունխենցիները։ Միայն Լևանդովսկին մեկը մյուսի հետևից երկու անգամ կարող էր հաջողության հասնել, սակայն լեհ գոլահարի հարվածներից հետո գնդակը համառորեն չէր հայտնվում դարպասում դիպչելով դարպասաձողին կամ կամ սլանալով դրա կողքով։

Հանդիպման 67-րդ րոպեին, ի վերջո, Լևանդովսկին արեց այն, ինչը նրանից ամենաշատն են սպասում։ Հարձակվողը մրցակցի տուգանային հրապարակում ճիշտ պահին հայտնվեց ճիշտ տեղում և 3-րդ գնդակն ուղարկեց բրեմենյան ակումբի դարպասը՝ Բունդեսլիգայի շրջանակում իր գոլերի քանակը հասցնելով 32-ի։

Հավելենք, որ 32-ամյա հարձակվողը վստահ քայլերով շարժվում է պատմական նվաճման։ 1971/72 մրցաշրջանում «Բավարիայի» լեգենդար հարձակվող Գերդ Մյուլլերը Բունդեսլիգայի խփել է 40 գնդակ, ինչը մեկ մրցաշրջանի ընթացքում երբևէ լավագույն արդյունքն է։

Դրանից հետո նույն Լևանդովսկին կարող էր կրկին աչքի ընկնել, սակայն գնդակը կրկին դիպավ դարպասաձողին։

Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ «Վերդերը» խփեց հեղինակության գնդակը՝ «թրջելով» հանդիպման հաշիվը, իսկ գոլն իր անվան դիմաց գրանցեց Նիկլաս Ֆուլկրուգը և ձևակերպեց հանդիպման վերջնահաշիվը՝ 1։3։

Այս հաղթանակից հետո Ֆլիկի տղաները 25 խաղերից հետո վաստակեցին 58 միավոր և միանձնյա գլխավորում են Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ հետապնդող «Լայպցիգից» առաջ անցնելով արդեն 5 միավոր։

«Վերդերը» մնաց նախապես վաստակած 30 միավորով և զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023