Բավարիան հանում է չեմպիոնության վերաբերյալ բոլոր հարցերը🎥
Գերմանական Բունդեսլիգայի 27-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում, որտեղ առաջնության 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Լայպցիգը» մրցեց առաջատար «Բավարիայի» դեմ։
Հանդիպումը մեկնարկել էր հավասար և հետախուզական պայքարում, սակայն, ինչ-որ պահից սկսած, մյունխենյան ակումբը սկսեց տիրել նախաձեռնությանը և 38-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը․ Թոմաս Մյուլլերի կատարած փոխանցումից հետո աչքի ընկավ Լեոն Գորեցկան։
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Մյուլլերը կատարեց իր 15-րդ գոլային փոխանցումը և վստահորեն գլխավորում է լավագույն ասիստենտների ցուցակը։
Խփած գոլից հետո էլ «Բավարիան» կարող էր շատ արագ կրկնապատկել իր առավելությունը, սակայն Լերոյ Սանեի և Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգի հարվածներից հետո «ցլերին» փրկեց դարպասապահ Պետեր Գուլաչին։
Առաջին կեսում այլևս գոլեր չգրանցվեցին, իսկ կողմերն ընդմիջման գնացին «Բավարիայի» նվազագույն առավելությամբ։
Յուլիան Նագելսմանի սաները երկրորդ կեսն անչափ ակտիվ մեկնարկեցին, որոնք վտանգավոր գրոհը մեկը մյուսի հետևից էին անցկացնում․ խաղակեսի մեկնարկում աչքի ընկնելուն երկու անգամ մոտ էր Մարսել Զաբիթցերը։ Ավստրիացի կիսապաշտպանի հարվածներից մեկից հետո Մանուել Նոյերը գեղեցիկ ցատկով գնդակը հեռացրեց դեպի անկյունային, իսկ մյուս դեպքում՝ հարվածը շեղ ստացվեց։
Ակտիվ մեկնարկից հետո «Լայպցիգի» ֆուտբոլիստներին չհաջողվեց հավասարեցնել հաշիվը, ինչից էլ օգտվեցին մյունխենյան ակումբի ֆուտբոլիստները՝ հանգստացնելով խաղը։
Դեռ ավելին՝ 77-րդ րոպեին իր թիմի առավելությունը կարող էր կրկնապատկել Թոմաս Մյուլլերը, սակայն գերմանացի կիսապաշտպանի հարվածից հետո հիանալի խաղաց Գուլաչին։
Ի վերջո, «Բավարիան» հանդիպումը մոտեցրեց հաղթական ավարտին։
Այսպիսով, Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը 1։0 հաշվով գերկարևոր հաղթանակ տարավ «Լայպցիգի» նկատամբ, վաստակեց 64 միավոր և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ առաջնության ավարտից 7 տուր առաջ նույնքան միավորի առավելություն ստանալով «Լայպցիգի» նկատմամբ, որի ակտիվում կա 57 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բունդեսլիգա, Թոմաս Մյուլլեր, Լայպցիգ, Լեոն Գորեցկա, Հանս-Դիտեր Ֆլիկ, Մարսել Զաբիթցեր, Յուլիան Նագելսման