Պաշտոնական․ Դավիդ Ալաբան հեռանում է Բավարիայից
Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբի պաշտպան Դավիդ Ալաբան գործող պայմանագրի ավարտից հետո հեռանալու է ակումբից։
Ավստրիացի պաշտպանը մամուլի ասուլիս էր հրավիրել և հայտնել իր հեռանալու մասին նորությունը․
«Ես որոշում եմ կայացրել պայմանագրի ավարտից հետո հեռանալ ակումբից և փորձել ինչ-որ նոր բան։ Ակնհայտ է, որ այդ որոշումն ինձ հեշտ չի տրվել, քանի որ ես 13 տարի «Բավարիայի» համակարգում եմ, և այս ակումբն ինձ շատ բան է տվել։ «Բավարիան» իմ ընտանիքն է։
Դեռևս չեմ որոշել, թե որն է լինելու իմ հաջորդ կանգառը»,- նշել է ավստրիացի պաշտպանը, ում խոսքերը մեջբերում է մյունխենյան ակումբի պաշտոնական Twitter-ի էջը։
Հիշեցնենք, որ Դավիդ Ալաբայի և «Բավարիայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին, ինչից հետո նա դառնալու է ազատ գործակալ։ Արդեն խոսակցություններ կան, որ 28-ամյա ֆուտբոլիստը կարիերան շարունակելու է «Ռեալի» կազմում, որին դեռևս սույն թվականի հունվարի սկզբին բանավոր համաձայնություն է տվել։
Ավստրիացի ֆուբտոլիստը մյունխենյան ակումբի համակարգում հանդես է գալիս 2008 թվականից և մինչ այժմ ակումբի կազմում անցկացրել է 415 հանդիպում՝ դառնալով 33 գոլի և 50 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Դավիդ Ալաբա, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ