Բանակայինների ԱԱ. Հայ ըմբիշները 3 ոսկե, 2-ական արծաթե ու բրոնզե մեդալ են նվաճել մրցումային առաջին օրը 🎥
Նոյեմբերի 20-ին Երևանում մեկնարկել է ըմբշամարտի բանակայինների աշխարհի 37-րդ առաջնությունը։
Մրցումային առաջին օրը Հայաստանը ներկայացնող ըմբիշների համար բավական հաջող էր, որոնք նվաճել են 3 ոսկե, 2-ական արծաթե ու բրոնզե մեդալ։
Սուրեն Աղաջանյանը (հունահռոմեական ոճ, 60 կգ) հաղթել է բոլոր մրցակիցներին ու կանգնել պատվո հարթակի ամենավերին աստիճանին։ Եզրափակիչում նա համառ պայքարում պարտության է մատնել Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, հյուսիսկորեացի Լի Սեունին։ Գրանցվել է 3:3 հաշիվը, բայց հաղթանակը շնորհվել է Աղաջանյանին` միավորը վերջինը վաստակելու համար։
Հունահռոմեական ոճի ըմբիշներից ոսկե մեդալ է նվաճել նաև Գասպար Տերտերյանը (67 կգ), որը եզրափակիչում նախատեսվածից շուտ 11:0 հաշվով հաղթել է իրանցի մրցակցին։
Բանակայինների աշխարհի չեմպիոն է դարձել նաև ազատոճային Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ)։ Նա եզրափակիում համառ պայքարում 9:7 հաշվով առավելության է հասել հյուսիսկորեացի մրցակցի նկատմամբ։
Մրցումային առաջին օրն արծաթե մեդալակիր են դարձել Սարգիս Բեգոյանը (ազատ ոճ, 61 կգ) և Էլեն Բաբաջանյանը (կանանց ըմբշամարտ, 61 53 կգ), իսկ Հրաչյա Պողոսյանը (հունահռոմեական ոճ, 63 կգ), Աշոտ Խաչատրյանը (77 կգ, հունահռոմեական ոճ) բավարարվել են բրոնզե մեդալով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Անդրանիկ Ավետիսյան, Բանակայինների աշխարհի առաջնություն, Գասպար Տերտերյան, Ըմբշամարտ, Սուրեն Աղաջանյան