Ա Սերիա․ Ռոման ուժեղ գտնվեց Նապոլիից, Յուվեի ու Ինտերի դժվար հաղթանակները?
Իտալական Ա սերիայում ընթանում է 11-րդ տուրը։
4-րդ հորիզոնականում գտնվող «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում ընդունել էր «Նապոլիին» և դժվարին պայքարում կարողացավ 2։1 հաշվով առավելության հասնել։
Հռոմեական ակումբի կազմում գոլերի հեղինակներ դարձան Նիկոլո Ձանիոլոն և Ջորդան Վերետուն, իսկ «Նապոլիի» կազմում՝ Արկադիուշ Միլիկը։
«Ռոման», տանելով երրորդ անընդմեջ հաղթանակը, 22 միավորով ժամանակավորապես հանգրվանեց 3-րդ հորիզոնականում, իսկ «Նապոլին» շարունակում է միավորներ կորցնել և 18 միավորով այժմ 7-րդն է։
Առաջատարներ «Յուվենտուսն» ու «Ինտերը» երեկ նվազագույն հաշվով առավելության հասան «Տորինոյի» և «Բոլոնիայի» նկատմամբ։
Նախ Երևանի ժամանակով 21։00-ին Բոլոնիայում տեղի համանուն թիմն ընդունել էր երկրորդ հորիզոնականում գտնվող «Ինտերին»։ Խաղն ավարտվեց «ներաձուրիների» 1։2 հաշվով հաղթանակով։
Հանդիպման հաշիվը 59-րդ բացեցին տանտերերը, գոլի հեղինակ դարձավ Ռոբերտո Սորիանոն, իսկ այնուհետև գործի անցավ Ռոմելու Լուկակուն՝ դառնալով դուբլի հեղինակ, հաղթական գնդակը խփելով մրցավարի կողմից ավելացված 2-րդ րոպեին, հստակորեն իրացնելով 11 մետրանոց հարվածը։
Իսկ առաջատար «Յուվեն» թուրինյան դերբիի շրջանակներում հյուր էր գնացել «Տորինոյին»։ Հանդիպումն անցավ բավականին լարված պայքարում և ավարտվեց «Ծեր Սենյորայի» 1։0 հաշվով հաղթանակով։
Խաղի միակ գնդակը անկյունայինի խաղարկումից հետո, 70-րդ րոպեին խփեց «բյանկոներիների» կենտրոնական պաշտպան Մատիաս դե Լիխտը։
Այս հաղթանակներից հետո «Յուվեն» ու «Ինտերը» վաստակեցին 29 և 28 միավոր համապատասխանաբար, և շարունակում են զբաղեցնել մրցաշարային աղյուսակի առաջին երկու հորիզոնականները։
# Ա-սերիա, Ինտեր, Յուվենտուս, Նապոլի, Ռոմա, Տորինո