Ա սերիան արգելել է ակումբներին խաղալ կանաչ մարզահագուստով
Ա սերիան ներկայացնող ակումբները 2022/23 մրցաշրջանից սկսած` չեն կարողանա հանդես գալ կանաչ մարզահագուստներով։
Ինչպես տեղեկացնում է Calcio Finanza-ն, նման որոշում կայացվել է հեռուստատեսային ընկերությունների պահանջով, քանի որ կանաչը խառնվում է խոտածածկի գույնի հետ` ստեղծելով անհարմարություններ։
Հաղորդվում է, որ այդ փոփոխությամբ հեռուստադիտողների և մարզադաշտում գտնվող մարդկանց համար առավել հարմար կլինի դիտել հանդիպումները։
Աղբյուրի փոխանցմամբ` որոշումն ուժի մեջ է մտնելու հաջորդ` 2022/23 մրցաշրջանից, քանի որ ակումբներն արդեն գրանցել են իրենց մարզաշապիկները 2021/22 մրցաշրջանի համար։
Հատկանշական է, որ «Սասուոլոյի» տնային մարզաշապիկը հենց կանաչ է, սակայն, ինչպես տեղեկացնում է La Gazetta dello Sport-ը, Ա սերիան այս ակումբի հարցում բացառություն կանի և կթույլատրի հանդես գալ իր ավանդական գույնով, քանի որ Մոդենան ներկայացնող ակումբի մարզաշապիկի վրա կան այլ գույնի զոլեր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա Սերիա, Լացիո, Կրոտոնե, Սասուոլո