Արտակ Սիմոնյանը վերադառնում է աշխատանքի. Փյունիկը մտահոգ է
Նախորդ տարի կայացած «Լոռի» – «Փյունիկ» հայտնի հանդիպման մրցավար Արտակ Սիմոնյանը որակազրկվել էր: Հստակ ժամկետ նշված չէր, ՀՖՖ-ն հայտնել էր, որ որակազրկումը կտևի մինչև հանգամանքների պարզումը:
ՀՖՖ-ն ներկայացրել է 8-րդ տուրի հանդիպումները սպասարկող մրցավարական անձնակազմերը: «Ալաշկերտ» – «Գանձասար-Կապան» հանդիպման մրցավարը հենց Սիմոնյանն է:
«Փյունիկը» հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
«Սույն թվականի սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրի՝ «Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան» հանդիպման սպասարկումը վստահված է Արտակ Սիմոնյանին:
Այս կապակցությամբ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայտնում է իր խիստ մտահոգությունն ու զարմանքը: Մայիսի 21-ին ՀՖՖ մրցավարական կոմիտեի կողմից կայացվել էր որոշում՝ մայիսի 20-ին կայացած «Լոռի»-«Փյունիկ» հանդիպման խիստ կասկածելի մրցավարության դեպքի առիթով, որը փաստացի ունեցավ էական ազդեցություն չեմպիոնության որոշման համար, «սկսել ներքին քննություն, իսկ մրցավար Արտակ Սիմոնյանին որակազրկել մինչև հանգամանքների մանրակրկիտ ուսումնասիրության ավարտը:»
Նշենք, որ այս չորս ամիսների ընթացքում որևէ տեղեկատվություն, հրապարակային կամ ոչ հրապարակային, չի ներկայացվել հանրությանը կամ ֆուտբոլային ակումբներին որպես անկողմնակալ մրցավարության առաջնային շահառուների՝ վերոնշյալ ներքին քննության ընթացքի, ավարտի և արդյունքների մասին, որի հետևանքով Արտակ Սիմոնյանին նորից վստահվել է սպասարկել Բարձրագույն խմբի հանդիպում:
Նման ոչ թափանցիկ ձևաչափով որոշումների կայացումը, այդ որոշումների հիմնավորումները հանրությանը չներկայացնելը որևէ կերպ չի նպաստում մրցավարական կորպուսի նկատմամբ վստահության ամրապնդմանը:
Ուստի, հորդորում ենք տեղեկացնել ֆուտբոլային հանրությանը մրցավար Արտակ Սիմոնյանի գործողությունների վերաբերյալ ներքին քննության արդյունքների և նրա որակազրկումը դադարեցնելու հիմքերի վերաբերյալ»:
# Արտակ-Սիմոնյան, հայկական-ֆուտբոլ, ՀՖՖ, Փյունիկ