Արսենալի անկումը շարունակվում է, իսկ Քեյնն ու Սոնը կանգ չեն առնում🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի շրջանակում կայացավ հյուսիսլոնդոնյան հերթական դերբին։ «Տոտենհեմը» սեփական հարկի տակ մրցեց «Արսենալի» դեմ։
Առաջին խաղակեսում Ժոզե Մոուրինիոյի սաներն ունեին առավելություն և վճռեցին խաղի ելքը։ Նախ 13-րդ րոպեին Հին Մին Սոնը հարձակման ձախ եզրից տպավորիչ հարվածով գրավեց դարպասը, իսկ 45+1-րդ րոպեին Հարի Քեյնը կրկնապատկեց հաշվի տարբերությունը։ Գոլային դրվագներում Քեյնն ու Սոնը փոխանակվեցին նաև գոլային փոխանցումներով։
Հարի Քեյնը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի շրջանակում դարձել է արդեն 8 գոլի և 10 գոլային փոխանցման, իսկ Սոնը՝ 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Երկրորդ խաղակեսում «Տոտենհեմը» նախաձեռնությունը զիջեց մրցակցին, որը, սակայն որևէ լուրջ վտանգավոր պահ չստեղծեց մրցակցի դարպասի ուղղությամբ։
Այսպսիով, «Տոտենհեմը» վաստակեց 24 միավոր, շրջանցեց «Չելսիին»՝ բարձրանալով 1-ին հորիզոնական, իսկ «Արսենալը» մրցաշարային աղյուսակում շարունակում է գլորվել ներքև։ Միկել Արտետայի սաները վերջին 4 խաղերում կրում են արդեն երրորդ պարտությունը և 13 միավորով զբաղեցնում են 15-րդ հորիզոնականը։
# ԱՊԼ, Արսենալ, Հարի Քեյն, Հին Մին Սոն, Տոտենհեմ