Արսենալը շարունակում է տպավորել իր անկայուն ելույթներով 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Արսենալը» արտագնա խաղում ուժերը չափեց «Բյորնլիի» դեմ։
Հանդիպումը բավական արագ տեմպով մեկնարկեցին հյուրերը և արդեն 6-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցան։ Վիլիանի փոխանցումից հետո դիպուկությամբ աչքի ընկավ «զինագործների» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը՝ դարձնելով հաշիվը 1։0։
Մինչև առաջին խաղակեսի ավարտ Միկել Արտետայի սաները կարող էին էլ ավելի մեծացնել առավելությունը, սակայն Բուկայո Սակայի և Թոմաս Փարթիի հարվածներից հետո գնդակը փոքր շեղությամբ ընթացավ դարպասաձողի կողքով։
Այնուամենայնիվ, կողմերն ընդմիջման գնացին 1։1 հաշվի պայմաններում, քանի որ 39-րդ րոպեին տանտերերի հարձակվող Քրիս Վուդը դարձավ անակնկալ գոլի հեղինակ՝ հավասարեցնելով խաղի հաշիվը։
Երկրորդ խաղակեսը մեկնարկեց համեմատաբար հանգիստ պայքարով, սակայն «Արսենալն» ուներ շաշափելի առավելություն, որը ոչ մի կերպ չէր կարողանում գոլի վերածել։
Կողմերը մի շարք դրվագներում նպաստավոր դիրքերից չէին կարողանում գրավել միմյանց դարպասը։
Հանդիպման 84-րդ րոպեին «Բյորնլիի» պաշտպան Էրիկ Պիտերսն իր թիմին փրկեց վերահաս գոլից ձեռքով հեռացնելով գնդակը, ինչից հետո ստացավ կարմիր քարտ։ VAR համակարգի սենյակում գտնվող անձնակազմը հուշեց հանդիպման գլխավոր մրցավարին, որ հոլանդացին ուսով է խաղացել, որից հետո չեղարկվեց վերջինիս կարմիր քարտը։
Խաղի մնացած ժամանակահատվածում Արտետայի սաները փորձեցին 3 միավոր կորզել այս խաղում, սակայն երկրորդ խաղակեսում այդպես էլ գոլեր չգրանցվեցին։ Հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։
Այս ոչ-ոքիից հետո «Արսենալը» 27 խաղերից հետո վաստակեց իր 38-րդ միավորը և զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։ «Բյորնլին» 28 հանդիպումներից հետո ունի 30 միավոր և գտնվում է 15-րդ հորիզոնականում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Բյորնլի, Թոմաս Փարթի, Միկել Արտետա, Պիեր-Էմերիկ-Օբամեյանգ, Պրեմիեր-լիգա, Վիլիան, Քրիս Վուդ