Արգենտինան հաղթեց Ուրուգվային`  վստահ շարժվելով դեպի ԱԱ 🎥

Արգենտինան հաղթեց Ուրուգվային` վստահ շարժվելով դեպի ԱԱ 🎥

13/11/2021 - 11:12

Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 13-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մոնտեվիդեոյում, որտեղ Ուրուգվայի հավաքականը մրցեց Արգենտինայի ընտրանու դեմ։

Հանդիպումը բավական լարված մեկնարկեց, քանի որ տանտերերը մեծ ճնշում էին գորածդրում արգենտինացիների դարպասի ուղղությամբ ու արդեն 5-րդ րոպեին կարող էին բացել խաղի հաշիվը, սակայն Լուիս Սուարեսի հարվածից հետո «ալբիսելեստեի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը դժվարությամբ փրկեց իր թիմին։

Այդ դրվագից հետո 7-րդ րոպեին հյուրերը մրցակցի կիսադաշտում խլեցին գնդակը ու նետվեցին հակագրոհի, որը պտտեցրած հարվածով եզրափակեց Անխել Դի Մարիան` դառնալով հիասքանչ գոլի հեղինակ։

Առաջին կեսի մնացած ժամանակահատվածում էլ Լիոնել Սկալոնիի սաները գնդակին տիրում էին ժամանակի 72%-ը, սակայն ուրուգվայցիները բազմապատիկ ավելի վտանգավոր էին գրոհում և նախքան ընդմիջման գնալը մի քանի գոլային պահ ևս ստեղծեցին, սակայն դրվագներից մեկում Սուարեսի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ մյուս դրվագում` Վեսինոյի հարվածից հետո կրկին փայլեց Մարտինեսը։

Երկրորդ խաղակեսում հիմնականում հավասար պայքար ծավալվեց, սակայն խաղի տրամաբանությունը գրեթե չփոխվեց. Օսկար Տաբարեսի թիմի գրոհներն ավելի սուր էին ու մտածված։

Չնայած այդ փաստին` Ուրուգվայի հավաքականը ոչ մի կերպ չկարողացավ խուսափել պարտությունից. Արգենտինան հաղթեց 1:0 հաշվով։

ԿՈՆՄԵԲՈԼ-ի գոտու որակավորման փուլի շրջանակում կայացել են ևս 4 հանդիպումներ.

Բրազիլիա 1:0 Կոլումբիա

Պարագվայ 0:1 Չիլի

Էկվադոր 1:0 Վենեսուելա

Պերու 3:0 Բոլիվիա

13-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

  1. Բրազիլիա (անցկացրած 12 խաղ) – 34 միավոր
  2. Արգենտինա (անցկացրած 12 խաղ) – 28 միավոր
  3. Էկվադոր – 20 միավոր
  4. Չիլի – 16 միավոր
  5. Կոլումբիա – 16 միավոր
  6. Ուրուգվայ – 16 միավոր
  7. Պերու – 14 միավոր
  8. Պարագվայ – 12 միավոր
  9. Բոլիվիա – 12 միավոր
  10. Վենեսուելա – 7 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023