Լա լիգայի վերջաբանն անչափ թեժ է լինելու․  Սևիլիան գերխոշոր նվեր մատուցեց Բարսային ու Ռեալին🎥

Լա լիգայի վերջաբանն անչափ թեժ է լինելու․ Սևիլիան գերխոշոր նվեր մատուցեց Բարսային ու Ռեալին🎥

05/04/2021 - 00:57

Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում, որտեղ «Սևիլիան» ընդունեց «Ատլետիկո Մադրիդին»։

Անդալուսական ակումբն արդեն 8-րդ րոպեին կարող էր բացել խաղի հաշիվը։ «Սևիլիան» վաստակել էր 11-մետրանոց հարվածի իրավունք, սակայն Լուկաս Օկամպոսի կատարած հարվածից հետո «Ատլետիկոյին» փրկեց Յան Օբլակը։

Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում էլ Խուլիեն Լոպետեգիի թիմը շատ ավելի լավ տեսք ուներ, քան՝ «Ատլետիկոն»։ Տանտերերը գնդակին ավելի շատ էին տիրում (65%), ավելի շատ էին հարվածում (12 հարված, 3-ը՝ դիպուկ), ինչպես նաև իրացրին 2 անկյունային հարված։

«Ատլետիկոն» էլ հիմնականում շեշտը դրել էր հակագրոհների վրա, սակայն առաջին խաղակեսում գոլեր չտեսանք։

Երկրորդ խաղակեսն էլ մեկնարկել էր հիմնականում հավասար պայքարում, սակայն «հնդկացիները» փորձում էին ինչ-որ կերպ տիրել նախաձեռնությանը, սակայն «կարմրասպիտակները» անձնուրաց պաշտպանվում էին։

«Սևիլիան», ամեն դեպքում, երկրորդ խաղակեսի իր միակ իրական պահը վերածեց գոլի․ 70-րդ րոպեին Մարկոս Ակունյան բացեց խաղի հաշիվը՝ եզրափակելով Խեսուս Նավասի փոխանցումը։

Բաց թողած գոլից հետո Դիեգո Սիմեոնեի սաները նետվեցին առաջ՝ փրկելու հանդիպումը, սակայն նրանց գրոհներում չկար սրություն, իսկ դրանք մեծամասամաբ միանման էին, որոնք «Սևիլիան» հաջողությամբ հետ էր մղում։

Խաղավարտին մոտ հյուրերը քիչ էր մնում հավասարեցնեին հաշիվը, սակայն 90+1-րդ րոպեին Անխել Կոռեայի մոտ տարածությունից կատարած հարվածից հետո «Սևիլիային» փրկեց դարպասապահ Բոնոն։

Անդալուսական ակումբը, ի վերջո, պահպանեց հաղթական հաշիվը։

Այսպիսով, «Սևիլիան» 1։0 հաշվով հաղթեց «Ատլետիկո Մադրիդին»՝ գերխոշոր նվեր մատուցելով «Բարսելոնային» ու «Ռեալին»։

Այս հաղթանակից հետո Խուլիեն Լոպետեգիի թիմը վաստակեց 58 միավոր և ավելի ամրապնդվեց 4-րդ հորիզոնականում՝ մոտակա հետապնդող «Բետիսին» գերազանցելով 12 միավոր։

«Ատլետիկոն» էլ մնաց 66 միավորով և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, սակայն 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Ռեալին» գերազանցում է արդեն 3 միավոր։

3-րդ հորիզոնականում գտնվող «Բարսելոնան» էլ դեռևս իր հանդիպումը չի անցկացրել ընթացիկ տուրում։ Կատալոնական ակումբը ապրիլի 5-ին, Երևանի ժամանակով 23։00-ից սկսած, կմրցի «Վալյադոլիդի» դեմ և հաղթանակի դեպքում առաջատարին կզիջի ընդամենը 1 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023