Սիմեոնե․ «Նրանք, պարզապես, ավելի լավն էին․ ավելացնելու ոչինչ չունեմ»

Սիմեոնե․ «Նրանք, պարզապես, ավելի լավն էին․ ավելացնելու ոչինչ չունեմ»

18/03/2021 - 16:07

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Ատլետիկոն» արտագնա խաղում 0։2 հաշվով պարտվեց «Չելսիին» (առաջին խաղում պարտվել էր 0։1 հաշվով) և լքեց մրցաշարը։

Այդ հանդիպման շուրջ իր տպավորություններով է կիսվել մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն․

«Երկու խաղերի արդյունքում «Չելսին» արժանի էր հաղթանակի։ Առաջին խաղը համեմատաբար հավասար պայքարում ընթացավ, սակայն այսօր «Չելսին» ավելի լավն էր և արժանի էր հաղթանակի։ Մենք ջանքեր էինք գործադրում, որպեսզի կարողանանք գոլ խփել, բայց, չնայած մեր բոլոր փորձերին, չկարողացանք դա անել։

Սովորական երևույթ է, երբ ֆուտբոլիստները դժգոհ են փոխարինման դուրս գալուց․ մենք ցանկանում էինք փոխել իրավիճակը հարձակման գծում։ Ես արդարացումներ չեմ փնտրում։ Նրանք մեզնից լավն էին, ես դժգոհելու պատճառներ չունեմ։ Պետք է շնորհավորել «Չելսիին» և դասեր քաղել այս պարտությունից։ Մեզ թարմանալ է պետք։

Նրանք, պարզապես, ավելի լավն էին․ ավելացնելու ոչինչ չունեմ։ Մենք նույպես պետք է ավելի լավը դառնանք»,- արգնտինացի մասնագետի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հավելենք, որ ի տարբերություն Չեմպիոնների լիգայի՝ «մատրասայինների» գործերը հաջող են ընթանում ներքին առաջնության շրջանակում։ Թիմը, Լա լիգայում անցկացրած 27 հանդիպումներից հետո, վաստակել է 63 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ հետապնդող «Բարսելոնային» գերազանցելով 4 միավոր։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023