Ատլետիկոն հաստատել է․ երկու ֆուտբոլիստ Covid-19-ի դրական թեստ են հանձնել
Ինչպես տեղեկացնում է «Ատլետիկո Մադրիդի» պաշտոնական կայքը, ակումբի երկու ֆուտբոլիստ վարակվել են կորոնավիրուսով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ վարակակիրները հայտնաբերվել են օգոստոսի 8-ին, երբ թեստավորում են անցել ակումբի բոլոր ֆուտբոլիստներն ու աշխատակիցները, որոնք պետք է ուղևորվեն Լիսաբոն՝ պատրաստվելու Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ հանդիպմանը, որի շրջանակում «մատրասայինները» մրցելու են «ՌԲ Լայպցիգի» դեմ։ Այդ խաղը կայանալու է օգոստոսի 13-ին։
ՈՒԵՖԱ-ն պարտադրել է բոլոր ակումբներին, որպեսզի Լիսաբոն մեկնելուց առաջ ֆուտբոլիստներին և աշխատակիցներին իրականացվեն ՊՇՌ թեստ։
Ավելի ուշ, «Ատլետիկոն» հայտարարեց, որ Լիսաբոնում բոլոր այն ֆուտբոլիստները և աշխատակիցները, որոնց թեստերը բացասական են եղել, Լիսաբոնում ևս մեկ ՊՇՌ թեստ պիտի հանձնեն։
«Ատլետիկոն» չի հայտնել վարակակիրների անունները։