Ատլետիկոն կրկին պոկվում է հետապնդողներից 🎥
Իսպանական Լա լիգայի դեռևս 18-րդ տուրից հետաձգված խաղում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ ընդունեց «Ատլետիկ Բիլբաոյին»։
Հանդիպումը մեկնարկեց հետախուզական պայքարով․ թիմեր զգուշորեն էին գործում, սակայն հանդիպման 21-րդ րոպեին առաջին վտանգավոր գրոհով Բիլբաոյից ժամանած հյուրերը բացեցին խաղի հաշիվ․ Ինյակի Վիլիամսի փոխանցումը գոլով եզրափակեց իսպանացի հարձակվող Իկեր Մունիայինը՝ առաջ մղելով իր թիմին։
Ընդունած գոլից հետո Դիեգո Սիմեոնեի տղաներն ակտիվացան՝ նպատակ ունենալով մինչև ընդմիջում վերականգնել հաշվի հավասարությունը, ինչն էլ ստացվեց նրանց մոտ։ 45+2-րդ րոպեին Տոմա Լեմարի՝ բարձրից կատարած փոխանցումից հետո գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ Մարկոս Լյորենտեն վերականգնելով հաշվի հավասարությունը, իսկ կողմերն ընդմիջման գնացին 1։1 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսը շատ ակտիվ սկսեցին մայրաքաղաքային ակումբի տղաները և արդեն 51-րդ րոպեին վաստակեցին 11-մետրանոց հարվածի իրավունք։ Գնդակին մոտեցավ Լուիս Սուարեսը և հստակ իրացրեց այն՝ առաջ մղելով իր թիմին՝ 2։1։
Ի դեպ, ուրուգվայցի հարձակվողը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի շրջանակում խփել է արդեն 18 գոլ։ Էլ Պիստոլերոն» լավագույն ռմբարկուների պայքարում զիջում է միայն «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսիին, ով իր ակտիվում ունի 19 գնդակ։
Այս գոլից հետո ակնհայտ էր դառնում, որ Սիմեոնեն ցանկանում է պահպանել հաղթական հաշիվը՝ գնդակը զիջելով մրցակցին և անհրաժեշտության դեպքում վտանգավոր հակագրոհելով։
Մյուս կողմից, Մարսելինո Գարսիա Տորալը ուժեղացրեց թիմի հարձակման գիծը՝ նպատակ ունենալով առմվազն 1 միավորով հեռանալ Մադրիդից, սակայն աստիճանաբար հասկանալի էր դառնում, որ խաղն ընթանում է Սիմեոնեի սցենարով։
«Հնդկացիները» կարողացան պահմանել մեկ գնդակի առավելությունը և խաղը հասցնել հաղթական ավարտին։
Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» 26 հանդիպումներից հետո վաստակեց 62 միավոր և վստահորեն զբաղեցնում է Լա լիգայի առաջին հորիզոնականը՝ հետապնդող «Բարսելոնային» գերազանցելով արդեն 6 միավոր։
Բասկյան ակումբը մնաց նախապես վաստակած 33 միավորով, որը համապատասխանում է 8-րդ հորիզոնականին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկ Բիլբաո, Ատլետիկո Մադրիդ, Դիեգո Սիմեոնե, Դիեգո-Սիմեոնե, Իկեր Մունիային, Ինյակի Վիլիամս, Լա-լիգա, Լուիս-Սուարես, Մարկոս Լյորենտե, Մարսելինո-Գարսիա-Տորալ, Տոմա Լեմար