Բարսան իմացավ եզրափակչի իր մրցակցին․ բասկերն ուղևորվում են եզրափակիչ 🎥

Բարսան իմացավ եզրափակչի իր մրցակցին․ բասկերն ուղևորվում են եզրափակիչ 🎥

05/03/2021 - 02:37

Իսպանիայի գավաթի՝ Copa del Rey-ի երկրորդ կիսաեզրափակիչ դիմակայության պատասխան խաղի շրջանակում «Լևանտեն» սեփական հարկի տակ ընդունեց «Ատլետիկ Բիլբաոյին»։

Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին մրցող երկու կողմերն էլ, սակայն հաջողությունն առաջինը ժպտաց տանտերեին, ովքեր արդեն 17-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ։ Գոլն իր անվան դիմաց գրանցեց իսպանացի հարձակվող Ռոխեր Մարտին։

Բնականաբար, իրադարձությունների նման ընթացքը չէր կարող գոհացնել Մարսելինո Գարսիա Տորալի սաներին, որոնք էլ նետվեցին առաջ՝ կորցրածը հետ բերելու և շուտով՝ 30-րդ րոպեին, վաստակեցին 11-մետրանոց իրացնելու իրավունք։

Գնդակին մոտեցավ «Ատլետիկի» վետերան հարձակվող Ռաուլ Գարսիան և դիպուկ հարվածով վերականգնեց խաղի հաշիվը։

Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածն անցավ համեմատաբար հանգիստ տեմպով․ մինչ ընդմիջում այլևս գոլեր չգրանցվեցին, և կողմերը հանգստի գնացին 1։1 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսը շարունակվեց հանգիստ պայքարում։ Առաջին վտանգավոր պահը ստեղծվեց միայն 66-րդ րոպեին, երբ նույն Ռաուլ Գարսիայի հարվածից հետո գնդակը փոքր շեղությամբ անցավ ուղղահայաց դարպասաձողի կողքով։

Մրցող կողմերն ավելորդ ռիսկի չէին դիմում, և տպավորություն էր, որ երկու թիմերն էլ ցանկանում են խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։ Այդպես էլ եղավ։ Խաղն ավարտվեց 1։1 հաշվով և տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, քանի որ դիմակայության առաջին խաղում նույնպես գրանցվել էր նույն հաշիվը։

Գոլազուրկ առաջին 15 րոպեներից հետո հանդիպման 112-րդ րոպեին «Բիլբաոյին», վերջապես, հաջողվեց խփել հաղթական գնդակը և մրցաշարի եզրափակչի ուղեգրի ճակատագիրը վճռել առանց 11-մետրանոց հարվածաշարի, իսկ բաղձալի գոլն իր անվան դիմաց գրանցեց իսպանացի վինգեր Ալեխանդրո Բերենգերը՝ դարձնելով հաշիվը 2։1։

Այսպիսով, Իսպանիայի գավաթի եզրափակիչ խաղում գավաթակրին կորոշեն «Ատլետիկ Բիլբաոն» և «Բարսելոնան»։ Վերջինս «Սևիլիայի» դեմ կիսաեզրափակչի առաջին հանդիպման ժամանակ 2։0 հաշվով պարտվելուց հետո պատասխան խաղում ֆանտասկիկ comeback կատարեց՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով Խուլիեն Լոպետեգիի թիմի դարպասը և ապահովելով իր ներկայությունը մրցաշարի եզրափակչում։

Հավելենք, որ Իսպանիայի գավաթի եզրափակիչը կկայանա ապրիլի 17-ին Սևիլիայի «Օլիմպիական» մարզադաշտում։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023