Ատալանտայի անհավանական comeback-ը ?
Իտալական Ա սերիայի 27-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Ատալանտան» սեփական հարկի տակ մրցեց չեմպիոնության հավակնորդ «Լացիոյի» դեմ՝ գրանցելով գեղեցիկ Comeback։
Հանդիպման հենց մեկնարկում հռոմեական ակումբը երկու գնդակի առավելություն ստացավ մրցակցի նկատմամբ։ Նախ 5-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Մարտեն դե Ռունը, իսկ 11-րդ րոպեին աչքի ընկավ Սերգեյ Միլենկովիչ-Սավիչը։
Այդ անսպասելի մեկնարկից «Ատալանտայի» ֆուտբոլիստները չընկճվեցին և նետվեցին առաջ՝ հանդիպումը փրկելու։ Նախքան ընդմիջման գնալը 38-րդ րոպեին տանտերերը մեկ գնդակ հետ բերեցին․ Հանս Հատեբուրի կատարած փոխանցումից հետո Ռոբին Գոսենսը կրճատեց հաշվի տարբերությունը։
Երկրորդ խաղակեսում Բերգամոն ներկայացնող ակումբն էլ ավելի մեծացրեց ճնշումը, սակայն միայն 66-րդ րոպեին հաջողվեց խփել երկրորդ պատասխան գոլը։
Տանտերերը աջ եզրում անկյունային հարվածի իրավունք էին վաստակել, որի խաղարկումից հետո Ռուսլան Մալինովսկին մրցակցի տուգանային հրապարակի մատույցներից ձախ ոտքով կատարած անհավանական հարվածով հաշիվը դարձրեց 2։2։
Հանդիպման 80-րդ րոպեին էլ «Ատալանտան» հաղթանակ կորզեց։ Ալեխանդրո Գոմեսի իրացրած անկյունային հարվածից հետո Խոսե Պալամինոն խփեց հաղթական գնդակը։
Ասյպիսով, «Լացիոն» անչափ կարևոր 3 միավորներ կորցրեց չեմպիոնական պայքարում՝ մնալով 62 միավորով։ «Արծիվները» զբաղեցնում են երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Յուվենտուսին» զիջելով 4 միավոր, իսկ «Ատալանտան» 54 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։
# Ա-սերիա, Ատալանտա, Լացիո, Խոսե Պալամինո, Հանս Հատեբուր, Ռոբին Գոսենս, Ռուսլան Մալինովսկի, Սերգեյ Միլենկովիչ-Սավիչ