Անչելոտիի հաղթական վերադարձը. Բենզեման շարունակում է առաջնորդել Ռեալին🎥
Լա լիգայի նոր մեկնարկած մրցաշրջանում պայքարի մեջ մտավ նաև չեմպիոնի գլխավոր հավակնորդներից «Ռեալ Մադրիդը». 1-ին տուրի շրջանակում «արքայական» ակումբը հյուրընկալվելիս մրցեց «Ալավեսի» դեմ։
Չնայած առաջին կեսում մադրիդյան ակումբն ավելի շատ էր տիրում գնդակին (57%), սակայն, կարելի է ասել, խաղը հիմնականում հավասար պայքարում էր ընթանում։
Ամեն դեպքում, նախքան ընդմիջման գնալը գոլեր չտեսանք։
Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո Կառլո Անչելոտիի սաները միանգամից միացրին շարժիչները և արդեն 48-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը. Էդեն Ազարի փոխանցումը եզրափակեց Կարիմ Բենզեման։
Խփած գոլից հետո «սերուցքայինները» նաև շատ արագ կրկնապատկեցին իրենց առավելությունը. 56-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Նաչո Ֆերնանդեսը։
62-րդ րոպեին Կարիմ Բենզեման ևս մեկ գնդակ ուղարկեց «Ալավեսի» դարպասը, դարձավ դուբլի հեղինակ` լուսատախտակին վառելով 3:0 հաշիվը։
Գոլային հրավառությունը շարունակեցին արդեն «Ալավեսի» ֆուտբոլիստները. 64-րդ րոպեին Տիբո Կուրտուան սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավարը 11-մետրանոց հարված նշանակեց «Ռեալի» դարպասին, որն անվրեպ իրացրեց Խոսելուն։
Խաղավարտին մոտ 90+2-րդ րոպեին հանդիպման վերջամետը դրեց Վինիսիուս Ժունիորը` 4:1։
Այսպիսով, Կառլո Անչեկոտիի` «արքայական» ակումբ վերադարձը շատ հաջող ստացվեց. «Ռեալը» 4:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ալավեսի» նկատմամբ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալավես, Լա-լիգա, Խոսելու, Կառլո Անչելոտի, Կարեն Պողոսյան, Նաչո, Ռեալ Մադրիդ, Վինիսիուս, Տիբո-Կուրտուա