Coppa Italia. Յուվենտուսը հանգիստ շարժվում է առաջ🎥
Իտալիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ուժերը չափեց Բ սերիան ներկայացնող ՍՊԱԼ-ի դեմ և առանց լուրջ դիմադրության հանդիպելով՝ ապահովեց իր մասնակցությունը կիսաեզրափակչում։ Անդրեա Պիռլոյի սաները մրցակցին ջախջախեցին 4։0 հաշվով։
Հանդիպման հենց մեկնարկային րոպեներին, ինչպես և սպասվում էր, «բյանկոներիները» խաղի ղեկը վերցրին իրենց ձեռքը, որն էլ շուտով երևաց գոլերի տեսքով։
Առաջին խաղակեսի 14-րդ րոպեին ՍՊԱԼ-ի պաշտպանի կոպիտ խաղը պատժվեց 11-մետրանց հարվածով։ Գնդակին մոտեցավ Ալվարո Մորատան և բացեց խաղի հաշիվը՝ 1։0։
«Ծեր սինյաորայի» պաշտպան Ջանլուկա Ֆրաբոտան 33-րդ րոպեին կրկնապատկեց իր թիմի առավելությունը՝ 2։0։
Հատկանշական է 21-ամյա իտալացին, որպես կանոն, խաղը սկսում է պահեստայինների նստարանից, սակայն այս խաղում նա մեկնարկային կազմում է և արդարացնում է մարզչի սպասելիքները։
Առաջին խաղակեսում այլևս գոլեր չգրանցվեցին։
Հաջորդ գոլի ականատեսը եղանք միայն 78-րդ րոպեին։ «Բյանկոներիների» շվեդ կիսապաշտպան Դեյան Կուլուսևսկին գլխի հարվածով եռապատկեց իր թիմի առավելությունը՝ 3։0։
Խաղի վերջակետն էլ 90+4-րդ րոպեին դրեց Ֆեդերիկո Կիեզան։
Այսպիսով, «Յուվենտուսը» հանգիստ շարժվում է առաջ՝դուրս գալով Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ, որի շրջանակում կմրցի «Ինտերի» դեմ։
# Coppa Italia, Ալվարո Մորատա, Անդրեա Պիռլո, Դեյան Կուլուսևսկի, Իտալիայի-Գավաթ, Յուվենտուս, Ջանլուկա Ֆրաբոտա, ՍՊԱԼ, Ֆեդերիկո Կիեզա