Անգլիական գրեթե բոլոր գրանդները հետաքրքրված են Ֆելիշի ծառայություններով
«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ժոաո Ֆելիշը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, պորտուգալացի ֆուտբոլիստի ներկայացուցիչները նրա կարկերայի շարունակության համար տարբերակներ են դիտարկում և հուսով են համոզել «Ատլետիկոյին», որպեսզի ակումբը վերջինիս վաճառի 2022 թ. ձմեռային կամ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Cadena SER-ն էլ հաստատում է, որ 22-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են անգլիալան գրեթե բոլոր գրանդները։ «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Արսենալն» ու «Նյուքասլը» Ֆելիշի տրանսֆերի համար արդեն հարցում են ուղարկել «Ատլետիկոյին»։
Նշվում է, որ ֆինանսական տեսանկյունից մադրիդյան ակումբին ամենագրավիչ առաջարկը կատարել է «Նյուքասլը», սակայն Ֆելիշը հետաքրքրված չէ կարիերայի զարգացման այդ տարբերակով։
Հատկանշական է, որ «հնդկացիների» ղեկավարները Ֆելիշի գործակալին հայտնել են, որ պատրաստ են հունվարին վաճառել նրան, եթե ստանան խոշոր առաջարկ։
Ինքը` Ֆելիշը, նույնպես ցանկանում է լքել «Ատլետիկոյի» շարքերը, քանի որ չի կարողանում հարմարվել «հնդկացիների» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմոենեի ֆուտբոլային փիլիսոփայությանը։
Բացի դրանից, պորտուգալացի ֆուտբոլիստը կարծում է, որ պետք է հանդես գա այնպիսի ակումբում, որի կազմում կկարողանա իրացնել իր ողջ ներուժն ու դրսևորվել լավագույն կողմերով։ Ֆելիշը գտնում է, որ նա այլ ակումբի կազմում կարող է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։
Հիշեցնենք, որ Ժոաո Ֆելիշը «Ատլետիկոյի» շարքերը համալրել է 2019 թ. հուլիսին։ Այդ ժամանակ մադրիդյան ակումբը պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Բենֆիկային» վճարեց 127 մլն եվրո։
Մինչ այս պահը Ֆելիշը «հնդկացիների» կազմում անցկացրել է 88 հանդիպում` դառնալով 20 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Ատլետիկո Մադրիդ, Արսենալ, Դիեգո-Սիմեոնե, Ժոաո Ֆելիշ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Նյուքասլ, տրանսֆերներ