Այսօր կկայանա ԱԱ-2022-ի խմբային փուլի վիճակահանությունը
Այսօր` ապրիլի 1-ին` Քաթարի մայրաքաղաք Դոհայում` Երևանի ժամանակով 20:00-ից սկսած` կկայանա աշխարհի 2022 թ. առաջնության վիճակահանությունը։
Հայտնի են արդեն խմբային փուլին մասնակցող 32 հավաքականներից 29-ը։
Մյուս 3 մասնակիցները հայտնի կդառնան սույն թվականի հունիսին, որոնցից երկուսը խաղարկվելու են միջմայրցամաքային անցումային հանդիպումների, մեկն էլ` ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փլեյ-օֆֆ փուլի միջոցով։
Միջմայրցամաքային անցումային հանդիպումների շրջանակում կայանալու են հետևյալ հանդիպումները.
Ավստրալիա/ԱՄԷ – Պերու
Կոստա Ռիկա – Նոր Զելանդիա
ՈՒԵՖԱ-ի գոտու վերջին ուղեգրերը խաղարկվեցին վերջերս, սակայն հայտնի դեպքերի պատճառով հետաձգվել է փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակի Շոտլանդիա – Ուկրաինա հանդիպումը։
Այդ դիմակայության հաղթողը եվրոպական գոտուց Քաթար ուղևորվող վերջին հաջողակին պարզելու է Ուելսի դեմ խաղում։

Խմբային փուլի վիճակահանությունը կայանալու է Դոհայի Ցուցահանդեսների և համաժողովների կենտրոնում, որին մասնակցելու է ավելի քան 2000 հյուր։
Վիճակահանությունը կվարեն Կարլի Լլոյդը, Ջերմեյն Ջենասը և Սամանտա Ջոնսոնը, որոնց կօգնեն այնպիսի անվանի նախկին ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Կաֆուն, Լոթար Մաթեուսը, Ալի Դաեին, Ջեյ-Ջեյ Օկոչան, Թիմ Կեյհիլը և այլք։

Վիճակահանության համար հավաքականները բաժանվել են 4 զամյուղների, որոնք ձևավորվել են մարտի 31-ին հրապարակաված ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի հիման վրա։
Բացառության կարգով միան Քաթարի հավաքականը, որը զբաղեցնում է ՖԻՖԱի դասակարգման աղյուսակի 51-րդ հորիզոնականը, որպես մրցաշարն ընդունող երկիր, ընդգրկվել է առաջին զամբյուղում։
Նշենք, որ միևնույն խմբում կարող են ընդգրկվել առավելագույնը եվրոպական երկու հավաքական, իսկ մյուս աշխարհամասերի ներկայացուցիչները պետք է ներկայացված լինեն մեկական հավաքականով։
Զամբյուղներն ունեն հետևյալ տեսքը.
Առաջին զամբյուղ – Քաթար, Բելգիա, Արգենտինա, Իսպանիա, Բրազիլիա, Ֆրանսիա, Անգլիա, Պորտուգալիա

Երկրորդ զամբյուղ – Մեքսիկա, Դանիա, Ուրուգվայ, ԱՄՆ, Հոլանդիա, Գերմանիա, Շվեյցարիա, Խորվաթիա

Երրորդ զամբյուղ – Սենեգալ, Ճապոնիա, Սերբիա, Հարավային Կորեա, Իրան, Մարոկկո, Լեհաստան, Թունիս

Չորրորդ զամբյուղ – Կամերուն, Էկվադոր, Գանա, Կանադա, Սաուդյան Արաբիա, Ուելս/Շոտլանդիա/Ուկրաինա, Ավստրալիա/ԱՄԷ/Պերու, Նոր Զելանդիա/Կոստա Ռիկա
