Աղբյուր․ «Վիլիանը կհեռանա Չելսիի, բայց ոչ Լոնդոնից»
«Չելսիի» վինգեր Վիլիանը մոտ է ակումբից հեռանալուն, սակայն նա կարծես թե կմնա Լոնդոնում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոն, 31-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը հարաժվում է երկարաձգել պայամանգիրը «ազնվականների» հետ։ «Կապույտները» Վիլիանին երկու տարվա պայմանագիր են առաջարկում, իսկ ֆուտբոլիստը ցանկանում է այն երկարաձգել երեք տարով։
Կողմերը ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության հասնել, ինչից էլ փորձում է օգտվել «Արսենալը»։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «զինագործները» պատրաստ են բավարարել խաղացողի բոլոր պայմանները։ Հավանական է, որ լատինաամերիկացի հարձակվողը «Չելսիի» շարքերը կլքի օգոստոսի 8-ին ՉԼ 1/8 եզրափակչի շրջանակում կայանալիք «Բավարիայի» դեմ խաղից հետո։ Նա կհեռանա անվճար, քանի որ «Չելսիի» հետ գործող պայմանագիրն ավարտվում է օգոստոսի 31-ին։
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը կցանկանար պահել Վիլիանին, սակայն լոնդոնյան ակումբի ղեկավարությունը կտրականապես հրաժարվում է խաղացողի հետ կնքել երեք տարվա պայմանագիր։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» նույնպես պատրաստ է երեք տարվա պայմանագիր առաջարկել բրազիլացի ֆուտբոլիստին, սակայն այժմ այդ տարբերակը քիչ հավանական է։
Վիլիանը «Չելսիի» կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
# Արսենալ, Չելսի, Վիլիան, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո