Ալմերիայի ֆուտբոլիստ. «Երբ ամենը տեսնում ես էկրանին, իսկ մրցավարն այլ որոշում ունի, հայտնվում ես անօգնական իրավիճակում»
Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրում առաջնության հետնապահ «Ալմերիան» հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվեց «Ռեալ Մադրիդին»։
Հանդիպումից հետո «Ալմերիայի» կիսապաշտպան Էդգար Գոնսալեսը դժգոհել է գլխավոր մրցավար Ֆրանսիսկո Մայեսոյի կայացրած որոշումներից.
«Երբ ամենը տեսնում ես էկրանին, իսկ գլխավոր մրցավարն այլ որոշում ունի, հայտնվում ես անօգնական իրավիճակում։
Կանգնած լինելով մրցավարի թիկունքում` ամեն ինչ պարզ տեսնում ես, իսկ նա լրիվ հակառակ որոշումն է կայացնում։
Մյուս ակումբների ֆուտբոլիստները մրցավարին կարող են ասել այն, ինչ ցանկանում են` կանգնած լինելով նրանից մեկ մետր հեռավորության վրա, իսկ մենք ցանկացած գործողության և յուրաքանչյուր վիճաբանության համար դեղին քարտ ենք ստանում։
Տարբերությունները շատ են։ Հասկանալի է, որ ակումբներից մեկը «Ռեալն» է, իսկ մյուսը` «Ալմերիան», սակայն պետք է արդարություն լինի»,- Գոնսալեսի խոսքերը մերջբերում է DAZN-ը։
Հավելենք, որ հանդիպման ընթացքում գլխավոր մրցավար Ֆրանսիսկո Մայեսոյի գլխավորած անձնակազմը նվազագույնը երեք անգամ «Ալմերիայի» դեմ վիճահարույց որոշում կայացրեց։
Նախ 57-րդ րոպեին «Ալմերիայի» պաշտպան Կայկի Ֆերնանդեսի ձեռքով խաղի համար հյուրերի դարպասին 11-մետրանոց նշանակվեց, ապա 64-րդ րոպեին չեղարկվեց անդալուսական ակումբի հարձակվող Սերխիո Արիբասի գոլը` արձանագրելով խաղի կանոնների խախտում։
Եթե Արիբասի գոլն արձանագրվեր, ապա հանդիպման հյուրերը հաշվի մեջ առաջ կանցնեին 3:1 հաշվով։
67-րդ րոպեին էլ, տևական ժամանակ դիտելով դրվագի տեսակրկնապատկերը, Մայեսոն արձանագրեց Վինիսիուսի գոլը. մրցավարները կասկածում էին, որ բրազիլացի հարձակվողը մրցակցի դարպասը գրավել է ձեռքով։
Հիշեցնենք, որ հանդիպման ընթացքում «Ալմերիան» հաղթում էր 2:0, սակայն, արդյունքում պարտվեց 2:3 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալմերիա, Էդգար Գոնսալես, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ, Ֆրանսիկո Մայեսո