Ալեքսանյան. «Այս անարդարություններից շատ հոգնել եմ» 🎥
Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեալան ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) լրագրողների հետ զրույցում խոսելիս դժգոհել է տեղի ունեցող անարդարություններից.
«Ոսկե մեդալի համար էի ժամանել այստեղ, բայց իմ գոտեմարտի ժամանակ բոլորդ տեսաք, թե ինչ կատարվեց։ Վճռորոշ դրվագում իրանցի ըմբիշը մեր գոտեմարտի տարածքից լրիվ դուրս էր եկել։ Տեսա այդ պահը և մարզիչներին ասացի, որ բողոքարկեն, որովհետև եթե մրցակիցը երկու ոտքով էր եկել, մեկ միավոր ես պետք է ստանայի։ Բայց դրա փոխարեն երկու միավոր տվեցին մրցակցին, մեկ միավոր էլ ավելացրին սխալ բողոքարկման համար։
Բոլորը հարցնում են, թե ինչու եմ պարգևատրման ժամանակ հանել մեդալը։ Սա է եղել պատճառը։ Թե՛ տեսանյութով, թե՛ նկարներով կան ապացույցներ, որ մրցակիցս երկու ոտքով դուրս էր եկել գորգից։ Վստահ եմ, որ այդ դրվագում մեկ միավոր ես պետք է ստանայի։
Դեռ վերջնական որոշում չեմ կայացրել, բայց, իրոք, այս անարդարություններից շատ եմ հիասթափվել։ Բայց, ամեն դեպքում, դեռ մնալու եմ ըմբշամարտում։
Կարող եմ ասել նաև, որ խնդիր կար նաև Սլավիկ Գալստյանի գոտեմարտի հետ կապված։ Բոլորը տեսան, որ Սլավիկը մաքուր հաղթանակ տարավ։ Մրցավարն արձանագրեց այդ հաղթանակը, բայց ինչ-որ բողոքարկումներ եղան ու որոշումը փոխվեց։ Սլավիկը հաղթել էր կիսաեզրափակիչում և առնվազն արծաթե մեդալն ապահովել էր, բայց այժմ նա մնացել է առանց մեդալի։ Խնդիր կար նաև Արսեն Հարությունյանի գոտեմարտի հետ կապված։ Չգիտեմ, զգացողություն կար, թե լարվածություն կար մեր հավաքականի հանդեպ։
Գիտեմ, որ բողոքարկվել է իմ գոտեմարտի արդյունքը։ Հուսով եմ` արդարությունը կվերականգնվի»,- նշել է 32-ամյա ըմբիշը, որի խեսքը մեջբերում է Armenpress-ը։
Հիշեցնենք, որ 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Ալեքսանյանը հասել էր եզրափակիչ, սակայն 1:4 հաշվով պարտվեց իրանցի Մոհամադհադի Սարավիին։
Ալեքսանյանը դարձավ օլիմպիական կրկնակի փոխչեմպիոն։ Նա 2016 թ. Ռիո դե Ժանեյրում դարձել է չեմպիոն, 2012 թ. Լոնդոնում նվաճել է բրոնզե, իսկ 2021 թ. Տոկիոյում` արծաթե մեդալ։ Լեգենդար ըմբիշը նաև աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն է, ինչպես նաև հաղթել է Եվրոպական խաղերում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արթուր Ալեքսանյան, Ըմբշամարտ, Հայկական-Սպորտ, Փարիզ-2024, Օլիմպիական_խաղեր