Ազարն՝ Անչելոտիի մասին․ «Մենք չենք խոսում միմյանց հետ, սակայն ես հարգում եմ նրան»
«Ռեալ Մադրիդի» վինգեր Էդեն Ազարը խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ հարաբերությունների մասին․
«Ի՞նչը կարող է ստիպել հեռանալ «Ռեալից» մինչև պայմանագրի ավարտը։ Չգիտեմ։ Այժմ իմ բոլոր մտքերը կապված են միայն ֆուտբոլի հետ, այդ պատճառով էլ չեմ մտածում հեռանալու մասին։ Հոգուս խորքում մտածում եմ, որ կարող եմ օգուտ տալ ակումբին։
Եթե ես փոքր ներդրում ունենամ թիմի հաջողություններում, երկրպագուները կրկին կհավատան ինձ։ Նրանք կարող են իրենք իրենց ասել, որ սխալվել են՝ ինձ թիմի մաս չհամարելով։ Ինձ միայն խաղաժամանակ է հարկավոր։
Ես և Անչելոտին չենք խոսում միմյանց հետ, սակայն ես հարգում եմ նրան։ Մեր միջև միշտ հարգանք կլինի, նույնիսկ եթե նա ինձ հաջորդ խաղին էլ դաշտ դուրս չբերի։ Միայն այն ամենի համար, թե ինչերի է նա հասել ֆուտբոլում, ես պետք է հարգեմ այնպիսի տղային, ինչպիսին Անչելոտին է»,- բելգիացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է RTBF-ը։
Նշենք, որ 32-ամյա ֆուտբոլիստը բավական բարդ իրավիճակում է հայտնվել։ Նա, առհասարակ, զրկվել է խաղաժամանակից և Լա լիգայի շրջանակում վերջին անգամ դաշտ դուրս եկել է 2022 թ․ սեպտեմբերի 11-ին՝ 5-րդ տուրում «Մալյորկայի» դեմ կայացած խաղում անցկացնելով 59 րոպե։
Ազարն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է միայն 7 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդեն-Ազար, Լա-լիգա, Կառլո Անչելոտի, Ռեալ Մադրիդ