Աբդուլառիշդ Սադուլաևը զրկվել է Բաքվի վարկանիշային մրցաշարին մասնակցելու իրավունքից
Օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի հնգակի, Եվրոպայի քառակի, Եվրոպական խաղերի կրկնակի չեմպիոն, ազատ ոճի ըմբիշ, Ռուսաստանը ներկայացնող Աբդուլառիշ Սադուլաևը (97 կգ) չի ստացել Ադրբեջանի մայարաքաղաք Բաքվում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին մասնակցելու իրավունք։
Ըմբշամարտի միացյալ աշխարհի` UWW-ի, պաշտոնական կայքը հայտնում է, որ 27-ամյա ըմբիշը զրկվել է վարկանիշային մրցաշարին մասնակցելու իրավունքից, քանի որ աջակցում է Ռուսաստանի` Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմին` «ռազմական հատուկ գործողությանը»։
Հատկանշական է, որ այն ըմբիշները, որոնք չեն մասնակցելու Բաքվում կայանալիք վարկանիշային մրցաշարին, մեխանիկորեն զրկվում են նաև վերջին` Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլի վարկանիշային մրցաշարին մասնակցելու իրավունքից։ Այդ ամենի հետևանքով Աբդուլառաշիդ Սադուլաևն զրկվեց օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու հնարավորությունից։
Նշենք, որ Բաքվում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարը կայանալու է ապրիլի 5-7-ը, որտեղ խաղարկվելու է 36 ուղեգիր։ Հայաստանը ներկայացնող ըմբիշները նույնպես չեն մասնակցելու այս մրցաշարին։
Հայ ըմբիշներից Բաքվի մրցաշարին մասնակցելու են միայն Էրիկ Առուշանյանը (Ուկրաինա, ազատ ոճ, 65 կգ) և Գևորգ Սահակյանը (Լեհաստան, հունահռոմեական ոճ, 67 կգ)։
Ավելացնենք, որ Հայաստանը ներկայացնող ըմբիշները, չնայած չեն մասնակցելու Բաքվի վարականիշային մրցաշարին, բացառության կարգով հնարավորություն են ստացել մասնակցելու Ստամբուլի մրցաշարին, որը կայանալու է մայիսի 9-13-ը։ Ստամբուլի մրցաշարում յուրաքանչյուր քաշային կարգից խաղարկվելու է երեք ուղեգիր։
Վերջում հավելենք, որ Հայաստանը ներկայացնող ըմբիշներից Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել ազատոճայիններ Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ), հունահռոմեականներ Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# UWW, Աբդուլռաշիդ Սադուլաև, Ըմբշամարտ, Օլիմպիական_խաղեր