ԱԱ որակավորման փուլ. Բրազիլիան ու Էկվադորը «գժանոց» խաղում չպարզեցին հաղթողին🎥
Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 15-րդ տուրում Էկվադորի հավաքականը սեփական հարկի տակ մրցեց Բրազիլիայի ընտրանու դեմ։
Առաջին կեսի մեկնարկն անչափ բոռն էր իրադարձություններով, իսկ ընդհանըապես, կարելի է ասել, որ թրիլլերային հանդիպում ստացվեց։
Խաղի հաշիվը բացվեց արդեն 6-րդ րոպեին. անկյունայինի խաղարկումից հետո Էկվադորի տուգանային հրապարակում ստեղծված խառնաշփոթ իրավիճակից արագ կողմնորոշվեց Կազեմիրով ու առաջ մղեց «պենտակամպիոններին»։
Էկվադորցիների դժբախտությունները շարունակվեցին արդեն 15-րդ րոպեին, երբ տանտերերի դարպասապահ Ալեքսանդր Դոմինգեսը փորձեց գնդակը հեռացնել սեփական տուգանային հրապարակի մատույցներից, սակայն ոտքով հարվածեց Բրազիլիայի հավաքականի հարձակվող Մաթեուս Կունյային, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Վիլմար Ռոլդանը տևական ժամանակ դիտեց դրվագի կրկնապատկերն ու Դոմինգեսին պատժեց կարմիր քարտով։
Այդուհանդերձ, ընդամենը 5 րոպե անց` 20-րդ րոպեին, մրցող կողմերի կազմերը հավասարվեցին։
Բրազիլացիների աջ պաշտպան Էմերսոն Ռոյալը, ստանալով երկրորդ դեղին քարտը, նույնպես հեռացվեց դաշտից։
Հատկանշական է, որ 23-ամյա պաշտպանն իր առաջին դեղինը ստացել էր 1-ին րոպեին։
Անցավ ևս 6 րոպե ու Բրազիլիայի հավաքականը մնաց արդեն 9 հոգով։
«Դեղինների» դարպասապահ Ալիսոն Բեկերը, ինչպես իր գործընկեր Ալեքսանդր Դոմինգեսի դրվագում, փորձելով գնդակը հեռացնել սեփական տուգանային հրապարակի մատույցներից, ոտքով հարվածեց մրցակցի հարձակվող Էներ Վալենսիային, ինչից հետո Վիլմար Ռոլդանը նրան նույնպես կարմիր քարտով պատժեց։
Այդուհանդերձ, Ռոլդանի օգնականները հուշեցին, որ Ալիսոնը նախ գնդակին է խաղացել, ապա նոր հարվածել է Վալենսիայի կրծքին, ինչից հետո 42-ամյա մրցավարը մոտ 5-6 րոպե դիտեց դրվագի տեսակրկնապատկերը և փոխեց իր որոշումը ու, կարմիր քարտի փոխարեն, Ալիսոն Բեկերին դեղին քարտ ցույց տվեց։
Առաջին կեսի մնացած ժամանակահատվածն անցավ հանգիստ պայքարում, իսկ կողմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում։
Երկրորդ կեսի մեկնարկն էլ հիմնականում հանգիստ պայքարում էր ընթանում և երկար ժամանակ հաշվի մեջ նոր փոփոխություն տեղի չունեցավ, սական, ամեն դեպքում, 75-րդ րոպեին Գոնսալո Ալֆարոյի սաներն անկյունայինի խաղարկումից հետո հավսարեցրին խաղի հաշիվը. աչքի ընկավ Ֆելիքս Տորեսը։
Հանդիպման վերջնանամասը նույնպես լի էր իրադարձություններով, իսկ իրադարձությունների կենտրոնում կրկին հայտնվեցին Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ալիսոնն ու գլխավոր մրցավար Վիլմար Ռոլդանը։
Բանն այն է, որ Ալիսոնն այս անգամ էլ փորձեց գնդակը բռունցքներով հեռացնել սեփական տուգանային հրապարակից, սակայն, ըստ մրցավարի, դրա փոխարեն հարվածեց էկվադորցիների կիսապաշտպան Այրտոն Պրեսիեդոյի դեմքին։
Այդ դրվագում Ռոլդանը կանոնների խախտում արձանագրեց, «պենտակամպիոնների» դարպասապահին այս խաղում երկրորդ անգամ պատժեց կարմիր քարտով, իսկ Բրազիլիայի հավաքականի դարպասին նշանակեց 11-մետրանոց հարված։
Այդուհանդերձ, պատմությունը կրկնվեց. Ռոլդանին հուշեցին, որ Ալիսոնը սկզբում գնդակն է հեռացրել, նոր հարվածել է մրցակցին։
Մրցավարը տևական ժամանակ դիտեց դրվագի տեսակրկնապատկերը, Ալսիոնի կարմիր քարտն ու 11-մետրանոցը չեղարկեց, իսկ հանդիպումը շարունակվեց այնպես, ինչպես կար։
Հանդիպումը ձգվեց մինչև 102-րդ րոպե, սակայն այս «գժանոց» խաղում այդպես էլ կողմերը հաղթողին չպարզեցին։
Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։
Այս ոչ-ոքիից հետո Բրազիլիայի հավաքականը, որն արդեն նվաճել է աշխարհի առաջնության ուղեգիր, Հարավային Ամերիկայի որակավորման փուլի մրջանակում վաստակեց 36 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Էլվադորն էլ, 24 միավորով, 3-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Ալիսոն Բեկեր, Բրազիլիայի հավաքական, Գոնսալո Ալֆարո, Էկվադորի հավաքական, Էներ Վալենսիա, Կազեմիրո, Վիլմար Ռոլդան, Տիտե, Քաթար-2022, Ֆելիքս Տորես